ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ահազանգ էր ստացել այն մասին, որ Լոռու մարզի դատախազություն են հրավիրել մի քաղաքացու, որն այնտեղ իրեն ինքնավնասել է: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ տեղեկացրել էր, որ իրեն վնասած քաղաքացի Արթուր Մատինյանին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց: Բայց թե որն էր եղել ինքնավնասման պատճառը, հայտնի  չէր: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պարզաբանեց, թե ինչ է կատարվել իրականում:
«Հոդվածում մատնանշված հանգամանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի դատախազության վարչական շենքի առաջին հարկում միջադեպ է գրանցվել: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 10:35-ին, Վանաձոր քաղաքում բնակվող, սակայն մշտական բնակության վայր եւ աշխատանք չունեցող Մատինյանը գնացել է Լոռու մարզի դատախազություն (նա հրավիրված չի եղել դատախազություն) եւ ընդունելություն խնդրել Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ.Մովսիսյանից` անձնական հարցով»,-տեղեկացրեց Տռուզյանը:
 Ըստ դատախազության մամլո խոսնակի` քաղաքացիներին ընդունելու` Լոռու մարզի դատախազությունում ձեւավորված աշխատակարգի համաձայն` Մ.Մովսիսյանն ընդունել է Մատինյանին: Ընդունելության վերաբերյալ հերթապահ ոստիկանի կողմից համապատասխան գրառում է կատարվել Լոռու մարզի դատախազության շենք մուտք գործող անձանց հաշվառման եւ անցագիր տալու մատյանում:
 Ընդունելության ընթացքում Մատինյանը դժգոհություն է հայտնել իր հայրական տանը բնակվող հարազատներից, որոնք իբր ցանկանում են հիշյալ տունը ձեւակերպել եղբոր կնոջ անվամբ, եւ դատախազի տեղակալից խնդրել է միջամտել  խնդրի լուծման հարցում` միաժամանակ ենթադրություններ անելով, թե  իբր  դեռեւս 1995թ.  մայրը, եղբայրը եւ դուստրը սպանել են իր հորը:
«Մովսիսյանն առաջարկել է Մատինյանին կա՛մ դիմել ոստիկանության Լոռու բաժին, կա՛մ գրավոր ներկայացնել իր դժգոհություններն ու պահանջները Լոռու մարզի դատախազությանը` վերջինիս տրամադրելով թուղթ եւ գրիչ»,-ասաց Ս.Տռուզյանը: Քաղաքացուն ընդունելուց հետո Լոռու մարզի դատախազի տեղակալը գնացել է դատական նիստի, իսկ Արթուր Մատինյանը դատախազի տեղակալի աշխատասենյակից դուրս է եկել եւ իջել առաջին հարկ: Ապա այնտեղ գտնվող սպասասրահի նստարանին նստելով` իր մոտ եղած ածելիով կտրել է ձախ դաստակի երակը: Այդ ամենից հետո Մատինյանին շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ կարճ ժամանակ անց նա դուրս է գրվել:
Դատախազության մամլո խոսնակը հավելեց, որ դեռեւս 2004 եւ 2010թթ. Արթուր Մատինյանի` հարազատների կողմից իր հորը սպանելու վերաբերյալ տարբեր ատյաններին հասցեագրած դիմումների կապակցությամբ Լոռու մարզի դատախազությունում նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, եւ այդ որոշումների մասին Մատինյանը գրավոր տեղեկացվել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս