ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԹՈՒՐՔ Է ԹԱՂՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ Եռաբլուրում էինք, որտեղ թաղված է նաեւ ազգությամբ թուրքմեն Նեպեսով Կուրբան Միրադ Բազարբաեւիչը, որին ջոկատի տղաները Բասմաչ էին անվանում: Ներկա էին նրա  մարտական ընկերները: Իրենց հիացմունքի խոսքն ասացին ազատամարտիկներ Ռուզան Մուրադյանը, Կարինե Ղազարյանը, Լուսիկ Գասպարյանը եւ այլոք, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շիրիմը զարդարվել էր հսկայական ծաղկեպսակով:
«Հայր Վահան» ջոկատի հրամանատար ապարանցի Վլադիմիր Մաթեւոսյանը (Վլեն), որի ջոկատից է եղել Բասմաչը, այսպես սկսեց իր խոսքը. «Այսօր, սիրելի՛ տղաներ, ի՛մ մարտական ընկերներ, մեր` ողջ մնացածներիս, ո՛չ ընտանեկան պայմաններն են բարվոք, ո՛չ էլ աշխատանք ունենք, շատերս «կոնտուզիա» ենք տարել մարտական գործողությունների ընթացքում, սակայն չենք մոռացել մեր մարտական ընկերոջը, մեր Բասմաչին: Եւ մեր ջոկատի տղաների՝ Վալերի, Հրանտի, Սամսոնի, Արբակի եւ մյուսների ջանքերով այս հուշաքարը պատրաստեցինք` ի հիշատակ մեր ջոկատի լավագույն մարտիկներից մեկի` ազգությամբ թուրքմեն Միրադ Բազարբաեւիչի»:
Կռված ու մարտերում կոփված տղաները հուզված էին: Նրանք մեկ անգամ եւս վերապրում էին հավատարիմ մարտական ընկերոջ կորուստը:
 Տարակուսած էինք: Թուրքմենը մուսուլման չէ՞, ինչո՞ւ է կռվել հայերի հետ` հանուն Արցախի ազատագրման եւ ինչո՞ւ է թաղնած Եռաբլուրում…
«Նա միայն ազգությամբ էր թուրքմեն, սրտով հայ էր: Բազմաթիվ անգամներ փորձության ենթարկեցի նրա հավատարմությունը, քանի որ սկզբում ես էլ էի կասկածում: Եկավ ու ասաց, որ ուզում է կռվել ադրբեջանցիների դեմ` հատկապես ապարանցի Վլեի ջոկատում:
 Նեպեսով Կուրբան Միրադ Բազարբաեւիչն իրենց ընտանիքի տասը երեխաներից ավագն էր: Ընդունեցինք, մարտական առաջադրանքների ուղարկեցինք՝ ամեն անգամ տղաների գաղտնի հսկողությամբ, սակայն բյուրեղի պես մաքուր էր Բասմաչս: Հավատում, վստահում ու սիրում էինք նրան այնքան, որ կնոջս Արուս մամա էր ասում: Մի օր էլ ասաց. «Արո՛ւս մամա, ինձ համար մի հալալ կաթնակեր աղջիկ գտի՛ր, ամուսնանամ»: Սակայն, ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ…»,-պատմեց հրամանատարը:
 1992թ. դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտում կտրվում է Միրադի կյանքի թելը: Նա, որ դարձել էր բոլորի սիրելին, որ միշտ պատվով էր դուրս եկել հանձնարարությունները կատարելիս, նույնիսկ թուրքի գլուխներ էր բերել, թուրքի գնդակից զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս` 23 տարեկանում:
Ի դեպ, 4 ամիս «մորգում» պահելուց հետո Վլ. Մաթեւոսյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Բասմաչին Եռաբլուրում թաղելու թույլտվություն ստանալ:
ՀՀ եւ ԼՂՀ նախագահների կողմից Կուրբան Նեպեսովին շնորհվել է «Արիության մեդալ»:
Հրամանատարը նշեց, որ շատ կուզեր` պետության կողմից թոշակ հատկացվեր Կուրբանի ընտանիքին:

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ




Լրահոս