ՎՃԱՐԻ՛Ր ՀԱՐԿԵՐԸ, ԹԵ ՉԷ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չվճարեցիր հարկերդ, վատ կլինի, ավելին, կզրկվես ազատությունից, ինչը սպառնում էր «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին: Վերջինիս ՊԵԿ-ը մեղադրում է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս»-ը ղեկավարելիս չարամտորեն առանձնապես խոշոր չափերի հարկեր պետական բյուջե չվճարելու, պետությանը շուրջ 109 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ:  Նրան ազատ են արձակել հարկերը վճարելու պայմանով:
Պարոն Հարթունյանը միակը չէ, ով պետությանը հարկ չի վճարել, այս խնդիրն առկա է ամեն բնագավառում: Ուղղակի զարմանալի է, թե ինչ են մտածում մարդիկ, որոնք չեն կատարում հարկատուի իրենց պարտականությունները: Չե՞ն վախենում հայտնվել ճաղերի հետեւում:
Ճիշտ է, Նարեկ Հարթունյանի գործը բարի ավարտ ունեցավ, բայց հարգելի՛ հարկատուներ, հիշե՛ք` հարկերից խուսափողներին միշտ պատժում են: Փորձենք ներկայացնել, թե ինչ ասել է այդ հարկ կոչվածը: Շահութահարկը հարկատուի կողմից սահմանված կարգով եւ չափով հարկվող շահույթից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է: Շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20% դրույքաչափով:
Կա նաեւ հարստության հարկ` սեփականության հարկի տարատեսակ է, որը գործում է մի շարք երկրներում: Այն, որպես կանոն, տեղական հարկ է, որով հարկվում է զուտ եկամուտը: Ունեցվածքը գնահատվում է շուկայական արժեքով: Հարստության հարկ չի գանձվում տրանսպորտի միջոցներից, հեղինակային իրավունքներից, կահույքից, տնային գույքից, արվեստի ստեղծագործություններից, գրքերի, դրոշմանիշերի մասնավոր հավաքածուներից…
Եթե հարստության հարկ չի գանձվում արվեստի ստեղծագործություններից, ենթադրաբար, արվեստի ներկայացուցիչներն էլ հարկատու չեն: Որպեսզի պարզենք, թե բարձր վարձատրվող երգիչ-երգչուհիներն արդյոք վճարում են հարկեր, դիմեցինք հենց իրենց ու լսեցինք հետեւյալ պատասխանները:

ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆ
-Բա ի՞նչ ենք անում, որ հարկ չենք վճարում: Այս երկրում կա՞ մեկը, ով հարկ չի վճարում:
-Ձեր արվեստի համար հա՞րկ եք վճարում:
-Արվեստի` չէ, բայց այդ արվեստով աշխատած գումարները տարբեր առիթներով վճարում ենք, չէ՞ որ մենք էլ էս երկրի քաղաքացի ենք: Ի՞նչ է, պետք է մի հատ էլ մեր ձենի վրա հարկ դնե՞լ: Առանց դրա էլ մեր ձենով ենք էդ հարկերը վճարում: Բա չեղա՞վ, որ մենք հարկատու ենք:
Մեր վաստակած գումարներից շատ ցիվիլ ձեւով վճարում ենք մեր հարկերը: Ես չեմ խուսափում հարկերից ու ինչի՞ պետք ա խուսափենք, մեր արյունն ումի՞ց ա քաղցր: Ես ինքս օտար երկրում աշխատել եմ, գիտեմ` ինչպես ա ամբողջ աշխարհում հարկերի հարցը:  
ՆԱՆԱ
-Մենք ի՞նչ ենք աշխատում, որ հարկ էլ վճարենք: Եթե ավելի անկեղծ լինեմ, կասեմ, որ Հայաստանում ես համարյա թե գումար չեմ վաստակում, այստեղ ահավոր է երկրի վիճակը: Մեր երգիչները ստիպված երգում են 20-30 հազար դրամով: Բայց ես այդքանով երբեք չեմ երգի:
-Գիտենք, որ բարձր վարձատրվող երգչուհի եք:
-Իսկապես, իմ հոնորարները փոքր չեն, բայց ես դա վաստակում եմ Հայաստանից դուրս: Բնականաբար, այստեղ էլ հո հարկ չե՞մ վճարի: Գնամ, դրսում աշխատեմ ու գամ էստեղ վճարե՞մ, հո ես բարեգո՞րծ չեմ:
Ես էստեղ խոշոր գումարներ չեմ վաստակում: Բանկետների էլ առանձնապես չեմ մասնակցում:
-Ամեն մարդ չի՞ կարող Ձեզ հրավիրել իր խնջույքին:
-Եթե գումար ունենա, կարող է: Բայց մի՛ մտածեք, որ ես շահի հետեւից եմ ընկնում: Շատ բարեգործական համերգների էլ եմ մասնակցում, ընկերական էլ եմ երգում: Էնպես չէ, որ միայն փող աշխատելու համար եմ երգում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս