Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տելեգրամյան հավելվածում գրանցված մի խումբ քաղաքացիներ ապօրինի իրացնում են թմրամիջոցներ։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում` Երևանի Գոգոլի փողոցում իրացնելու նպատակով թմրանյութ տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալեցին մայրաքաղաքի բնակիչներ 32-ամյա տղամարդուն և 33-ամյա կնոջը։
Տղամարդու վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
Երկուսին էլ առաջադրվեց մեղադրանք։ Կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 27 գրամ զանգվածով փաթեթներ։
Իրավապահների հետագա համատեղ գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ձերբակալված տղամարդն ու կինը մեթամֆետամինը ձեռք են բերել մայրաքաղաքի Նորաշեն թաղամասում բնակվող ամուսիններից։ Նորաշենի բնակիչներ՝ 40-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը, ևս ձերբակալվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմին։
Նրանց նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է։


























































































