Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը, թեև ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատել է որպես մրցակցային և կազմակերպված, իր նախնական զեկույցում արձանագրել է նաև մի շարք լուրջ խնդիրներ, մտահոգություններ և բացասական երևույթներ, որոնք, ըստ դիտորդների, ազդել են ընտրական գործընթացի որակի և հավասար պայմանների ապահովման վրա։
ArmLur.am-ը առանձնացրել է հիմնական կետերը։
Քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և առճակատող
Դիտորդների գնահատմամբ՝ նախընտրական պայքարը անցել է «խաղաղություն, թե՞ պատերազմ» հակադրության շուրջ ձևավորված խիստ բևեռացված միջավայրում։ Քարոզարշավի ընթացքում լայն տարածում են ունեցել պառակտող և սադրիչ հռետորաբանությունը, փոխադարձ մեղադրանքները, ինչպես նաև արտաքին քաղաքական ուղղության շուրջ սուր հակասությունները։
Զեկույցում նշվում է, որ քաղաքական բանավեճերը հաճախ հեռացել են ծրագրային քննարկումներից և կենտրոնացել հակառակորդներին վարկաբեկելու վրա։
Ընտրողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ հաղորդումներ
ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են, որ ստացել են բազմաթիվ հաղորդումներ իշխող կուսակցության հանրահավաքներին և միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների վրա գործադրված ճնշումների վերաբերյալ։
Զեկույցում հատուկ ընդգծվում է.
«ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ»։
Ըստ դիտորդների՝ հատկապես պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել ընտրական հավասար պայմանների տեսանկյունից։
Սոցիալական և տնտեսական ծրագրերը առավելություն են տվել իշխանությանը
ԵԱՀԿ-ն նշել է, որ ընտրություններից առաջ ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումները ստեղծել են լրացուցիչ առավելություն իշխանության համար։
Զեկույցում ասվում է.
«Այս հանգամանքը, ինչպես նաև վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումները, առավելություն են ստեղծել իշխող կուսակցության համար և խաթարել են քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունները»։
Ընտրակաշառքի և խախտումների բազմաթիվ մեղադրանքներ
Դիտորդական առաքելությունը փաստել է, որ քարոզարշավի ընթացքում հնչել են բազմաթիվ մեղադրանքներ ընտրակաշառքների և այլ ընտրախախտումների վերաբերյալ։
Թեև իրավապահ մարմինները քննություններ են սկսել, սակայն ընդդիմության ներկայացուցիչների շրջանում ձևավորվել է օրենքի ընտրովի կիրառման ընկալում։
«Քննությունները հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների և թեկնածուների մոտ ձևավորել են օրենքի ընտրովի կիրառման ընկալում»։
Արտաքին միջամտության և ճնշումների մասին արձանագրումներ
Զեկույցում առանձին անդրադարձ կա արտաքին ազդեցություններին։ Դիտորդները նշում են, որ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտաքին ճնշում, որը դրսևորվել է տնտեսական և անվտանգության ոլորտներում հնարավոր հետևանքների մասին հայտարարություններով։
ԵԱՀԿ-ն արձանագրել է նաև արտաքին աղբյուրներից եկող համակարգված ապատեղեկատվության և ազդեցության գործողությունների մասին մտահոգություններ։
Արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ նյութեր
Դիտորդների ուշադրության կենտրոնում է եղել նաև առցանց քարոզչությունը։
Ըստ զեկույցի՝
«Որոշ թեկնածուներ և երրորդ կողմ հանդիսացող օգտատերերի հաշիվներ իրենց քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն»։
Բացի այդ, արձանագրվել են կեղծ և ոչ իրական հաշիվների կողմից տարածվող ապատեղեկատվական արշավներ։
Նախընտրական ֆինանսավորման թափանցիկության խնդիրներ
ԵԱՀԿ դիտորդների ամենակոշտ գնահատականներից մեկը վերաբերում է նախընտրական ֆինանսավորմանը։
Զեկույցում նշվում է, որ.
- վերահսկողության մեխանիզմները բավարար չեն եղել,
- բազմաթիվ ծախսեր դուրս են մնացել հաշվետվություններից,
- երրորդ կողմերի քարոզչությունը պատշաճ կարգավորված չի եղել,
- կանխիկ նվիրատվությունների համակարգը բավարար հետագծելիություն չի ապահովել,
- իշխող կուսակցության քաղաքականությունը խթանող բարձրարժեք միջոցառումների կորպորատիվ հովանավորումը մտահոգություններ է առաջացրել բիզնեսի և քաղաքականության սերտաճման վերաբերյալ։
Հանրային հեռուստաընկերության կողմնակալ լուսաբանում
ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Հանրային հեռուստաընկերության աշխատանքը։
Զեկույցում նշվում է.
«Հանրային հեռուստաընկերությունը … ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության»։
Միաժամանակ արձանագրվել է, որ մասնավոր մի շարք լրատվամիջոցներ հակառակ ուղղությամբ՝ բացասական լույսի ներքո են ներկայացրել կառավարությանը և նպաստավոր լուսաբանում ապահովել ընդդիմության համար։
Լրագրողների նկատմամբ ճնշումներ
Դիտորդները նշել են, որ նախընտրական շրջանում լրագրողները բախվել են.
- զրպարտության հայցերի,
- սպառնալիքների,
- բանավոր հարձակումների,
- մասնագիտական գործունեությանը խոչընդոտող դեպքերի։
Ըստ ԵԱՀԿ-ի՝ այդ հանգամանքները բացասաբար են ազդել քաղաքական թեմաների լուսաբանման միջավայրի վրա։
Ընտրական օրենսդրության խնդիրներ
Զեկույցում արձանագրված են նաև համակարգային խնդիրներ.
- որոշ փոփոխություններ ընդունվել են ընտրությունների նշանակումից հետո,
- մի շարք փոփոխություններ իրականացվել են արագացված կարգով և առանց լայն քաղաքական համաձայնության,
- պահպանվել են օրենսդրական բացեր և երկիմաստություններ,
- դեռևս չեն կատարվել ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախկին առաջարկություններ։
Դիտորդները հատուկ նշել են, որ ընտրություններից հետո կատարված որոշ օրենսդրական փոփոխություններ հակասում են միջազգային լավագույն փորձին։
Ընտրական իրավունքների սահմանափակումներ
ԵԱՀԿ-ն քննադատել է նաև այն փաստը, որ.
- դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված քաղաքացիները զրկված են ընտրելու իրավունքից,
- երկքաղաքացիների նկատմամբ պահպանվում են թեկնածու առաջադրվելու սահմանափակումներ,
- անհատ թեկնածուների առաջադրումը թույլատրված չէ։
Ըստ դիտորդների՝ այս դրույթները չեն համապատասխանում մի շարք միջազգային չափանիշների։
Հասանելիության խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ բազմաթիվ ընտրատեղամասեր շարունակում էին մնալ ոչ հասանելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։
Ըստ ԿԸՀ տվյալների՝ լիարժեք հասանելի էր ընտրատեղամասերի միայն մոտ մեկ երրորդը։
Ընտրության օրը ևս արձանագրվել են խնդիրներ
Թեև ընտրության օրը հիմնականում գնահատվել է դրական, ԵԱՀԿ-ն արձանագրել է.
- ընտրատեղամասերի գերբեռնվածություն,
- ոչ պատշաճ դասավորություն,
- ընթացակարգային սխալներ,
- վստահված անձանց միջամտություններ,
- ձայների հաշվարկի ընթացքում առանձին անհամապատասխանություններ,
- 11 ընտրատարածքային հանձնաժողովներում դիտորդների հասանելիության սահմանափակում, ինչը նվազեցրել է գործընթացի թափանցիկությունը։
Ի վերջո ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում արձանագրված հիմնական քննադատությունները վերաբերում են ընտրողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ հաղորդումներին, իշխանության համար ոչ հավասար պայմաններ ստեղծող սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին, նախընտրական ֆինանսավորման թափանցիկության պակասին, մեդիայի բևեռացված և կողմնակալ աշխատանքին, լրագրողների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բացերին, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մասնակցության խոչընդոտներին և ընտրական գործընթացի որոշ փուլերում թափանցիկության սահմանափակումներին։ Միևնույն ժամանակ դիտորդները շեշտում են, որ այդ խնդիրները տեղի են ունեցել ընդհանուր առմամբ կազմակերպված ընտրական գործընթացի շրջանակում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























