Armenian text to speach

ԱՄՆ-Իրան համաձայնագիր․ ո՞վ թելադրեց օրակարգը բանակցությունների սեղանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի միջև ձեռք բերված նախնական համաձայնագիրը չի ապահովում այն հիմնական նպատակների իրականացումը, որոնք Վաշինգտոնը հայտարարել էր պատերազմի սկզբում։

Փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «կոչնչացնի Իրանի հրթիռները և հրթիռային արդյունաբերությունը»։ Սակայն այժմ նախագահը խոսում է բոլորովին այլ տոնով՝ նշելով, որ Իրանը կարող է որոշ քանակությամբ հրթիռներ ունենալ, քանի որ նման զինատեսակներ ունեն նաև այլ երկրներ։

 Թրամփը պատերազմի ընթացքում մի շարք հավակնոտ նպատակներ էր առաջ քաշել, սակայն Իրանի հետ ձեռք բերված 14 կետանոց հուշագիրը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը կամ մեղմացվել է, կամ ամբողջությամբ դուրս է մնացել օրակարգից։

Մասնավորապես, եթե սկզբում ԱՄՆ նախագահը խոսում էր Իրանի հրթիռային ծրագրի լիակատար ոչնչացման մասին, ապա համաձայնագրում հրթիռների վերաբերյալ որևէ դրույթ ներառված չէ։ Նմանապես, Թրամփի նախկին պահանջը՝ Իրանի «անվերապահ կապիտուլյացիան», նույնպես չի իրականացվել․ փոխարենը կողմերը բանակցությունների միջոցով եկել են փոխզիջումների։

Չի իրականացել նաև Իրանում իշխանափոխության նպատակը։ Պատերազմի սկզբում Թրամփը իրանցիներին կոչ էր անում փոխել իշխանությունը, սակայն հետագայում այդ թեման աստիճանաբար անհետացավ նրա հայտարարություններից։ Այժմ նա պնդում է, որ պատերազմը չի սկսել իշխանափոխության նպատակով։

Իրանի միջուկային ծրագրի հարցում ևս վերջնական արդյունք դեռ չկա։ Հուշագրով Թեհրանը վերահաստատում է, որ միջուկային զենք չի մշակի, սակայն կոնկրետ մեխանիզմներ չեն ներկայացվել, որոնք կբացառեն նման հնարավորությունը ապագայում։

Թրամփը նախկինում նաև պահանջում էր Իրանում ուրանի հարստացման լիակատար դադարեցում, սակայն այժմ ընդունում է, որ Թեհրանին կարող է թույլատրվել ցածր մակարդակի հարստացում՝ խաղաղ նպատակներով, օրինակ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կվերցնի Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, սակայն համաձայնագրով նախատեսվում է դրանց նոսրացում՝ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ, ոչ թե առգրավում։

Հուշագրում բացակայում են նաև Իրանի կողմից «Հեզբոլլահի», «Համասի» և այլ տարածաշրջանային խմբավորումների ֆինանսավորման ու սպառազինման դադարեցման վերաբերյալ հստակ դրույթներ։ Միաժամանակ փաստաթուղթը նախատեսում է Իրանի նավթի վաճառքի սահմանափակումների մեղմացում, ինչը, ըստ քննադատների, կարող է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել Թեհրանի համար։

Մեկ այլ վիճահարույց հարց վերաբերում է Հորմուզի նեղուցին։ Թրամփը նախկինում պահանջում էր, որ նեղուցը մշտապես բաց և անվճար լինի միջազգային նավագնացության համար, մինչդեռ համաձայնագրում Իրանը պարտավորվում է ապահովել անվճար և անվտանգ անցումը միայն 60 օրվա ընթացքում։ Իրանցի պաշտոնյաները միաժամանակ արդեն հայտարարել են, որ ապագայում կարող են վճարներ գանձել նեղուցից օգտվելու համար։

Փաստացի ստացվում է, որ Թրամփի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը զգալիորեն հեռու է այն առավելագույն նպատակներից, որոնք ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն ներկայացնում էր պատերազմի սկզբում։

Այս հակամարտության արդյունքում հարց է առաջանում՝ ո՞վ հաղթեց այս դիմակայությունում։ Ինչպե՞ս ստացվեց, որ ռազմական և տնտեսական հսկայական ճնշման տակ գտնվող Իրանը կարողացավ պահպանել իր հիմնական «կարմիր գծերը», հրաժարվել առանցքային զիջումներից և, ըստ էության, բանակցությունների սեղանին թելադրել իրեն ձեռնտու օրակարգը, մինչդեռ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված բազմաթիվ նպատակներ այդպես էլ մնացին թղթի վրա։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս