Armenian text to speach

Ինչու Իսրայելը հենց հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ Բարոյական պա՞րտք, թե՞ աշխարհաքաղաքական մտրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 28-ին միջազգային լրահոսը պայթեցրեց ուշագրավ մի լուր. Իսրայելի կառավարությունը՝ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակցությամբ, միաձայն հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իսրայելական կողմն այս քայլն անմիջապես շղարշեց բարոյական բարձր արժեքներով՝ հայտարարելով, որ հրեական պետությունը «կատարեց իր բարոյական պարտքը պատմական ճշմարտության հանդեպ»։

Սակայն միջազգային հարաբերություններում բարոյականությունն ու պատմական ճշմարտությունը հազվադեպ են առաջնային շարժիչ ուժ հանդիսանում։ Իրականում, Թել Ավիվի այս որոշումը բացառապես սառը աշխարհաքաղաքական հաշվարկի և վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերությունների խարխլման արդյունքն է։

Միջազգային դիվանագիտության մեջ կա մի անժխտելի իրողություն․ աշխարհի ոչ մի ազդեցիկ պետություն Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել կամ ճանաչում Հայաստանի այս կամ այն ժամանակվա իշխանությունների պահանջով։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետությունները գնում են այդ քայլին միայն երկու հստակ դեպքում․

1. Ուժեղ հայկական համայնքի և լոբբինգի առկայություն․ Երբ տվյալ երկրի ներսում կա կազմակերպված, ֆինանսապես ու քաղաքականապես ազդեցիկ հայկական համայնք, որն ընտրությունների ժամանակ կարող է ձայներ ապահովել կամ քաղաքական ճնշում գործադրել (ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ի առանձին նահանգներում)։
2. Աշխարհաքաղաքական նկատառումներ և սեփական շահեր․ Սա ամենատարածված դրդապատճառն է։ Ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես «մտրակ» կամ քաղաքական ճնշման գործիք Թուրքիայի դեմ՝ վերջինիս հավակնությունները զսպելու կամ դիրքերը թուլացնելու համար։

Այս երկու պայմանների և միջազգային հարաբերությունների դաժան պրագմատիզմի մասին Հայաստանի ներքաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ մշտապես զգուշացրել է ՀՀ  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա իր ելույթներում և հոդվածներում (դեռևս 1990-ականներից սկսած) հետևողականորեն պայքարում էր հայկական դիվանագիտության մեջ արմատացած «ռոմանտիզմի» և պատրանքների դեմ։ Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպել էր թեզը․ օտար պետությունները Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնում կամ դնում են դարակը ոչ թե հայերի հանդեպ ունեցած սիրուց կամ արդարության զգացումից դրդված, այլ Անկարայի հետ իրենց ընթացիկ հարաբերությունների համատեքստում։ Երբ նրանց պետք է ճնշել Թուրքիային՝ հարցը բերում են օրակարգ, երբ հարաբերությունները լավանում են՝ հարցը մոռացվում է։

ԵՄ «արգելապատնեշը»․ ինչպես Ցեղասպանության հարցով փակվեց Թուրքիայի ճանապարհը

Որպեսզի հասկանանք Իսրայելի ներկա քայլը, բավական է հայացք նետել եվրոպական երկրների փորձին, որոնք այս խաղաքարտն օգտագործեցին ամենախոշոր աշխարհաքաղաքական նպատակի՝ Թուրքիայի՝ Եվրոմիություն մուտքը տապալելու համար։

Երբ Թուրքիան ակտիվորեն փորձում էր անդամակցել ԵՄ-ին, եվրոպական հսկաները՝ Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Շվեդիան ու Շվեյցարիան, լուրջ մտահոգություններ ունեին։ Թուրքիայի պես հսկայական բնակչություն ունեցող երկրի մուտքը ԵՄ կփոխեր ողջ եվրոպական ճարտարապետությունը, և Անկարան Եվրախորհրդարանում կունենար ամենաշատ պատգամավորական տեղերը՝ թելադրելով իր կամքը։

Բացահայտ «ոչ» չասելու համար եվրոպական պետությունները Թուրքիայի առաջ դրեցին ժողովրդավարական, մարդու իրավունքների և պատմական անցյալի հետ առերեսման անհաղթահարելի նշաձողեր։

Գերմանիա (2016 թ․)․ Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը հենց այն ժամանակ, երբ Անկարան միգրացիոն ճգնաժամի ֆոնին փորձում էր շանտաժի ենթարկել Եվրամիությանը։ Բացի այդ, Գերմանիան, ինչպես նաև Շվեդիան ու Շվեյցարիան, այս խաղաքարտը պարբերաբար օգտագործել են Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը տապալելու և եվրոպական տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը թույլ չտալու համար։ Դա արվել է Թուրքիայի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացնելու նպատակով։Դրանով նրանք ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ Թուրքիան, իր ազգայնական կեցվածքից ելնելով, երբեք չէր ընդունի այդ պայմանը, ինչն էլ հիանալի, «լեգիտիմ» առիթ դարձավ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը հավերժ սառեցնելու համար։ Ցեղասպանության ճանաչումը դարձավ այն քաղաքական արգելապատնեշը, որով եվրոպական մայրաքաղաքները փակեցին Էրդողանի ճանապարհը դեպի Եվրոպա։

Իսրայել-Թուրքիա ներկա հարաբերությունները․ ինչո՞ւ հենց հիմա

Տասնամյակներ շարունակ Իսրայելը հրաժարվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան հրեական պետության կարևորագույն ռազմավարական և տնտեսական գործընկերն էր Մերձավոր Արևելքում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում բռնկված պատերազմից հետո։

Այս իրադարձությունից հետո իսրայելա-թուրքական հարաբերությունները գահավիժեցին անդունդը․

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հռետորաբանությունը․ Թուրքիայի նախագահը բազմիցս Իսրայելին անվանեց «ահաբեկչական պետություն», իսկ Նեթանյահուին համեմատեց Հիտլերի հետ՝ բացահայտ աջակցություն հայտնելով ՀԱՄԱՍ-ին։
Տնտեսական պատժամիջոցներ․ Անկարան ամբողջությամբ դադարեցրեց առևտրաշրջանառությունը Իսրայելի հետ՝ հարվածելով վերջինիս տնտեսությանը։

Այս պայմաններում Իսրայելի համար այլևս իմաստ չկար խնայելու Թուրքիայի «նրբանկատությունը»։ Ինչպես նշել է ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը՝ Թուրքիայի կառավարությունը տարիներ շարունակ իրականացնում է «ժխտողականության և պատմության մանիպուլյատիվ վերաշարադրման ինստիտուցիոնալ արշավ»։

Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից Անկարային ուղղված ասիմետրիկ պատասխան հարված է։ Թել Ավիվը հասկացնում է Էրդողանին, որ հակաիսրայելական քաղաքականությունն ունի իր գինը, և Իսրայելն այսուհետ օգտագործելու է իր ողջ դիվանագիտական ու տեղեկատվական արսենալը՝ Թուրքիայի հեղինակությանը միջազգային ասպարեզում մահացու հարված հասցնելու համար։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է ռեալպոլիտիկի (Realpolitik) դաժան օրենքը։Պատմական արդարությունը միջազգային հարթակներում հաղթում է միայն այն ժամանակ, երբ այն վերածվում է մտրակի և համընկնում է գերպետությունների ընթացիկ շահերի հետ։ Հայ ժողովրդի պատմական ցավն ու քաղաքական գործոնը ևս մեկ անգամ հայտնվեցին մեծ տերությունների կշեռքի նժարին՝ ծառայելով որպես ազդեցիկ գործիք Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս