Անի Վարդանյան
Վրաստանի արևմտյան հատվածում՝ Սև ծովի ափին գտնվող Կուլևիի նավթավերամշակման գործարանը մոտակա ամիսներին ամբողջությամբ կհրաժարվի ռուսական ծագման նավթի վերամշակումից։ Այդ մասին հայտարարել է գործարանը կառավարող Black Sea Petroleum ընկերությունը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ 2026 թվականի օգոստոս-սեպտեմբերից սկսած գործարանը կմշակի բացառապես ոչ ռուսական ծագման նավթ։ Ըստ օպերատորի՝ այս քայլը հնարավորություն կտա ընկերության արտադրանքն արտահանել ավելի բարձր եկամտաբեր շուկաներ։
Black Sea Petroleum-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գործարանը վերամշակել է ավելի քան 650 հազար տոննա հում նավթ։ Ընկերությունը նաև նախատեսում է 2027 թվականի առաջին եռամսյակից սկսել ճանապարհային բիտումի արտադրությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար, իսկ նույն տարվա երկրորդ եռամսյակից՝ ավիացիոն վառելիքի արտադրությունը։
Միաժամանակ ընկերությունը հայտարարել է ամերիկյան Honeywell արդյունաբերական կոնգլոմերատի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Եթե նախկինում համագործակցությունը սահմանափակվում էր ինժեներական և լիցենզավորման համաձայնագրերով, ապա այժմ այն ներառում է նաև սարքավորումների մատակարարում և արտադրության ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի սկզբին Եվրոպական միությունը քննարկում էր երրորդ երկրների մի շարք նավահանգիստների, այդ թվում՝ Կուլևիի տերմինալի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ռուսական նավթի հետ իրականացվող գործարքների պատճառով։ Սակայն հետագայում Կուլևիի նավթավերամշակման գործարանը դուրս է մնացել ԵՄ պատժամիջոցների նախագծային ցանկից։
Կուլևիի նավթավերամշակման գործարանը շահագործման է հանձնվել 2024 թվականի վերջին և համարվում է Վրաստանի խոշորագույն արդյունաբերական նախագծերից մեկը։ Այն իրականացվում է Վրաստանի պետական զարգացման հիմնադրամի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Bank-ի մասնակցությամբ։ Նախագծի առաջին փուլը նախատեսում է տարեկան մինչև 1,2 միլիոն տոննա նավթի վերամշակում, հետագայում հզորությունը հասցնելով 4 միլիոն տոննայի։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 600 միլիոն ԱՄՆ դոլար։

