Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանի տնից առգրավված մյուս կենդանիների վիճակը ևս ծանր է. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի քաղաքապետարանը արգելում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին մուտք գործել Երևանի կենդանաբանական այգի՝ տեսնելու և նկարահանելու Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիներին, ինչպես նաև արձանագրելու նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

Սակայն տեղափոխումից ժամեր անց հայտնի դարձավ ողբերգական փաստը՝ առգրավված առյուծներից մեկը անկել է։

Կենդանաբանական այգու աշխատակիցները Ժողովուրդ օրաթերթին ուղղորդում էին Երևանի քաղաքապետարան՝ ստանալու թույլտվություն՝ միաժամանակ հանգստացնելով մեզ, թե միշտ էլ բոլոր տեղերում նման դեպքեր լինում են, երբ կենդանուն քնեցնում են, նա սատկում է: Այնպիսի հանգստությամբ՝ ասես կենդանասպանությունը ծանր հանցանք չէ:

Կենդանաբանական այգու աշխատակազմի ղեկավար ներկայացած անձը բացատրում էր, թե լրագրողների մուտքը չի թույլատրվում առանց քաղաքապետարանի համաձայնության և վերջ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը մեզ հորդորեց գրավոր հարցեր ուղղել, արդեն ուղարկվել են դրանք և պարզաբանումը, թե կենդանիները կարանտինի մեջ են, ամենևին չեն արդարացնում պաշտոնական գործողությունները կամ անգործությունը:

Կարանտինը կենդանաբուժական միջոցառում է, որի նպատակն է բացառել կենդանիների շփումը այլ կենդանիների հետ և կանխել հնարավոր վարակների տարածումը։ Այն ինքնին չի նշանակում, որ լրագրողներին չի կարելի հեռվից տեսնել կամ նկարահանել կենդանիներին։ Եթե կենդանիները իսկապես կարանտինում են, ապա ինչո՞ւ չի կազմակերպվում վերահսկվող այց կամ հեռահար նկարահանում, որպեսզի հանրությունը համոզվի, թե ինչ վիճակում են պետական մարմինների կողմից առգրավված կենդանիները։

Ի վերջո խոսքը քրեական վարույթի շրջանակում առգրավված կենդանիների մասին է, որոնցից մեկն արդեն անկել է պետական մարմինների վերահսկողության տակ գտնվելու ընթացքում։

Քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝

«Առյուծի անկման պատճառը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։ Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված՝ փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ, ինչը պատճառ է դարձել, որ քնեցումից չի արթնացել»։

Այս պարզաբանումը, սակայն, ոչ թե փակեց հարցերը, այլ՝ ավելացրեց դրանք։

Խնամակալի պնդումները հակասում են պաշտոնական վարկածին

Առյուծի երկարամյա խնամակալը լրատվամիջոցներին ներկայացրել է բոլորովին այլ պատկեր։

Նրա խոսքով՝ կենդանին առողջ է եղել, եղել է 12 տարեկան, իսկ այդ տարիքը առյուծի համար չի համարվում այնպիսի ծայրահեղ մեծ տարիք, որ հանգեցներ մահվան։

Ավելին, խնամակալի խոսքով՝ առավոտյան կենդանին եղել է սոված, և ինքը զգուշացրել է, որ սոված կենդանուն չի կարելի ներարկում կատարել։ Զգուշացումը հաշվի չի առնվել, կենդանուն ներարկել են, ինչից հետո նա այլևս չի արթնացել։

Եթե կենդանին այդքան հիվանդ էր, ապա ինչո՞ւ տեղափոխվեց

Եթե նախնական զննություն չի արվել, ռիսկերը չեն գնահատվել, ինչու է կենդանին քնեցվել, որը ունեցավ ողբերգական հետևանք: Ժողովուրդ օօրաթերթը ուղարկված հարցումներով կպարզի՝ արդյո՞ք նման վիճակում գտնվող կենդանու տեղափոխումը և անզգայացումը համապատասխանում էին մասնագիտական չափանիշներին։

Այստեղ հիշեցնենք, որ վերջրես մեծ աղմուկով, երբ ընդունվեց օրենքը կենդանիների պաշտպանության մասին, Մերի Գալստյանի հեղինակած, հենց դրանով է թուլատրվում քնեցնել կենդանիներին, մինչ այս նման իրավասություն որևէ կառույց չուներ:

Ինչո՞ւ են թաքցնում մյուս կենդանիներին

Ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ մինչ օրս հանրությանը հնարավորություն չի տրվում տեսնելու մյուս կենդանիներին։

Եթե նրանց վիճակը բավարար է, լավ է, ապա ինչո՞ւ է արգելվում լրագրողական նկարահանումը։ Եթե հակառակը՝ կան խնդիրներ, ապա հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ վիճակում են պետական մարմինների վերահսկողության տակ գտնվող կենդանիները։ Թափանցիկությունը նման դեպքերում ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Տեղի ունեցածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ներկայացնել դիրքորոշում պետական մարմինների գործողությունների, տեղեկատվության մատչելիության սահմանափակման և կենդանու անկման վերաբերյալ։ Մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանել։ Նրա աշխատակազմից հայտնել են, որ հարցին կանդրադառնան հրապարակավ մինչև օրվա ավարտը։

Հատուկ ընդգծենք, որ վայրի կենդանին գույք չէ, հետևաբար չեն կարող առգրավել նրան: Շունը, օրինակ, գույք է համարվում:

Կենդանասերների և մասնագետների բարձրացրած հարցերը

Իրավաբան-անասնաբույժ Դավիթ Թումասյանը նշում է, որ առյուծների ընդհանուր քանակը աշխարհում չի գերազանցում մոտ 27-29 հազարը, և նույնիսկ մեկ առյուծի անկումը միջազգային մակարդակով ուշադրության արժանի իրադարձություն է։

Նրա գնահատմամբ՝ մինչ այժմ հրապարակայնորեն պատասխան չի տրվել մի շարք հիմնարար հարցերի.

  1. Ի՞նչ անհրաժեշտություն կար կենդանիներին հենց այս պահին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։
  2. Արդյո՞ք հայտարարված ուղեկցող հիվանդությունները իրականում այն աստիճանի էին, որ կարող էին ինքնին հանգեցնել մահվան։
  3. Արդյո՞ք տեղափոխման ժամանակ ներկա է եղել համապատասխան մասնագիտացում ունեցող վայրի կենդանիների անասնաբույժ։
  4. Ո՞վ է հաշվարկել անզգայացնող դեղամիջոցի դոզան։ Կշռվե՞լ են արդյոք կենդանիները նախքան ներարկումը, թե՞ քաշը գնահատվել է մոտավոր։ Հայտնի է, որ նման դեղամիջոցների դոզան հաշվարկվում է անհատապես՝ կենդանու մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով։
  5. Կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո կենդանիները ենթարկվե՞լ են ամբողջական բժշկական զննման։ Եթե այո՝ ի՞նչ են ցույց տվել արդյունքները։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։

Հանրային վստահությունը թափանցիկությունն է, որը չկա

Այս պատմության մեջ դեռևս բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։

Ինչո՞ւ երկու օր շարունակ լրագրողներին արգելվում է տեսնել կենդանիներին։

Ինչո՞ւ չեն հրապարակվում անասնաբուժական արձանագրությունները։

Ինչո՞ւ չեն ներկայացվում տեղափոխման ամբողջ գործընթացի տեսագրությունները։

Ինչո՞ւ չի հրապարակվում, թե ով է իրականացրել անզգայացումը, ով է հաշվարկել դեղաչափերը, ովքեր են եղել պատասխանատու մասնագետները և ինչ վերահսկողություն է իրականացվել կենդանու նկատմամբ մինչև ու հետո։

Մի բան արդեն փաստ է՝ պետական մարմինների վերահսկողության տակ հայտնվելուց հետո առգրավված կենդանիներից մեկը սատկել է։ Իսկ մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը շարունակում է փակ մնալ։

Հանրային շահի տեսանկյունից պարտավոր են պատասխան տալ թե՛ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինայնի, Երևանի կենդանաբանական այգին՝ ի դեմս տնօրեն Արմեն տեր-Թովմասյանի և ՀՀ Քննչական կոմիտեն՝ ի դեմս Արթուր Պողոսյանի։

Բացի այս եռյակից, նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը պետք է պատասխանատվության ենթրակվի, քանի որ

Անասնաբուժական վերահսկողությունը, Կենդանիների տեղափոխման անասնաբուժական պահանջների վերահսկողությունը և Կարանտինի սահմանում և  վերահսկողությունն իրականացնում է հենց այդ կառույցը:

Սակայն բոլորը ձկան նման լուռ են:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս