ԲՈԼՈՐՆ ԱՆՄԵՂ ԵՆ, ԻՍԿ ԼՐԱԳՐՈՂԸ ՔՆՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ամենեւին էլ վիրավորված եւ զրպարտված չէ, եւ նրան չի հետաքրքրում, թե իրեն ով ինչի մեջ է մեղադրում: ԲՀԿ-ական մարզպետին միայն մտահոգում է այն, որ իր մասին հոդված է հրապարակվել: Պարզեցինք նաեւ, որ Հայաստանում իրավապահ համակարգը` որպես այդպիսին, գոյություն չունի: Ուժայիններն աշխատում են իրարից անտեղյակ, վախվորած եւ օրենքի դաշտից դուրս:
Հիմա փորձենք հիմնավորել ասվածը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով տրամադրել տեղեկանք, թե օրաթերթում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» 07.10.11թ., թիվ 171 հոդվածի հիման վրա Նվեր Ղազարի Պողոսյանը դիմե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն, թե՞ ոչ: Եւ Պողոսյանի դիմումի կամ տպագրված հոդվածի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ պատկան մարմնի հանձնարարե՞լ է նյութեր նախապատրաստել, թե՞ ոչ: Այս ամսվա սկզբին ստացել ենք պատասխան ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանից: «Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազություն չի դիմել, եւ վերջինիս դիմումի կապակցությամբ նյութեր չեն նախապատրաստվել»,-գրել է պարոն Փիլոյանը:
Սա նշանակում է` Նվեր Պողոսյանին չի հետաքրքրում, որ Թթուջուր գյուղի դպրոցի մրցույթի մասնակից Աննա Թորոսյանն իրեն մեղադրել է հանցագործության` կաշառք վերցնելու մեջ: Այլապես Պողոսյանը կդիմեր դատախազություն եւ սուտ մատնության համար կպահանջեր պատասխանատվության ենթարկել իրեն «զրպարտողին»: Բայց, ինչպես երեւում է, նրան չի հետաքրքրում կաշառքի մեղադրանքի փաստը (գուցե նաեւ այն պատճառով, որ իսկապես կաշառքը վերցրել է), այլ մտահոգում է այն, որ «Ժողովուրդ»-ը դրա մասին հոդված է հրապարակել: Բայց սա միակ աբսուրդը չէ այս պատմության մեջ:
Կորյուն Փիլոյանի պաշտոնական գրության մեջ նշված է. ««Ժողովուրդ» օրաթերթի հոդվածների հիման վրա գլխավոր դատախազության հանձնարարությամբ նյութեր են նախապատրաստել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, այնուհետեւ Գեղարքունիքի մարզային վարչությունում: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ Քր.դատ.օրենսդրությամբ նյութերով փաստաթղթերի պատճենների տրամադրում նախատեսված չէ»: Ինչպես ասում են` կինոն սկսվեց. նախ Փիլոյանն այդպես էլ չի տեղեկացրել, թե նյութերի նախապատրաստման արդյունքում այդ ինչ է բացահայտվել, որ վերջնարդյունքում իրավապահները որոշել են, որ «արարքում հանցակազմ չկա»: Բացի այդ, ո՞ւմ արարքում հանցակազմ չկա՝ մարզպետի՞, թե՞ Աննայի: Սա այն դեպքն է, որ կողմերից մեկը պետք է անպայման պատասխանատվության ենթարկվի: Կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգ Աղվան Հովսեփյանը տվյալ դեպքում կա՛մ պետք է հանձնարարեր պատժել մարզպետին, որը, ըստ Ա.Թորոսյանի, 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել, կա՛մ պետք է պատիժ կրեր Թորոսյանը` զրպարտության եւ սուտ մատնության համար: Երրորդ տարբերակ այստեղ չկա: Եթե չի արել, նշանակում է, որ Հայաստանում ՀՀ գլխավոր դատախազը կաշկանդված է գործունեություն ծավալում` դրանից բխող բոլոր հետեւանքներով (դրա համար էլ մարզային դատախազի հետ առանձնապես հույսեր չենք կապում):
Հիմա դառնանք ոստիկանությանը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով այս օրերին զբաղված է ԲՀԿ-ական թմրամոլներին բացահայտելով եւ, չգիտես ինչու, կաշառակերության մեջ մեղադրվողներին «չի նկատում»: Հենց նրա օրոք է կայացվել «արարքում հանցակազմ չկա» հիմնավորմամբ կարճման որոշումը: Նախ տեղեկացնենք, որ այն դիմումը, որն ուղարկվել էր Աղվան Հովսեփյանին, գրեթե նույն բովանդակությամբ ուղարկվել էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Սակայն նոյեմբերի 24-ից մինչ օրս ՀՀ ոստիկանության շտաբի պետից երկու տողանոց ծանուցում ենք ստացել այն մասին, որ մեր նամակն ուղարկվել է Գեղարքունիքի մարզային ոստիկանապետին` «քննարկելու» համար: Այսինքն` ոչ պատասխանելու: Դե իհարկե, Եղիազարյանը գնդապետ մարդ է, ինչո՞ւ պիտի օրաթերթին կարեւորի ու պատասխան գրի: Ինչ վերաբերում է մարզայինի պետ Վարդան Նադարյանին, ապա նա էլ իր հերթին է «ուղտի ականջում» քնած` պատասխան չի ուղարկել` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
Արդյունքում ստացվում է, որ 6-րդ վարչությունը, Ճամբարակի ոստիկանությունը, դատախազությունը, մի խոսքով` ՀՀ իրավապահ բուրգը որոշել է, որ հա՛մ մարզպետն է անմեղ, հա՛մ նրան մեղադրողը: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ է դատարանում հայտնվել «Ժողովուրդ» օրաթերթը: Միայն նրա համար, որ հարթա՞կ է տվել երկու կողմերին:  Բանականությունը հուշում է, որ կենդանիներից որոշակի տարբերություն ունեցող մարդ արարածը չպետք է նման քայլի դիմեր, բայց ԲՀԿ-ական մարզպետը դա արել է:
Ինչեւէ, եղածը եղած է, եւ «Ժողովուրդ»-ը դատարանում կշարունակի պայքարել` իր իրավունքները պաշտպանելու համար, քանի որ մենք գործել ենք բացառապես օրենքի դաշտում` պահպանելով էթիկայի բոլոր նորմերը: Սակայն այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ՀՀ հատուկ քննչական ծառայության պահվածքն է: Այս կառույցը, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության շենքում, «քնեց-քնեց» եւ որոշեց մեր լրագրող Սոնա Գրիգորյանին այսօր հրավիրել ՀՔԾ` «մարզպետի կաշառք վերցնելու հոդվածի գործով»: Քննիչ Երեմյանը, առանց ծանուցագրի, լրագրողին քննության է կանչել:
Ամփոփելով իրավիճակը` պետք է արձանագրել, որ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում եւ ավարտվում է հաճախակի կազմակերպվող սեմինարների շրջանակներում: Երբ գալիս է կոնկրետ գործունեություն ծավալելու ժամանակը, գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաները դառնում են անզոր փիսիկներ: Մեզ մնում է հարցադրել` կա՞ այս երկրում մարդ, որը հավատում է, որ տվյալ դեպքում Նվեր Պողոսյանն անմեղ է եւ կաշառք չի վերցրել: Կարծում ենք` չկա կամ մատների վրա կարելի է հաշվել: Հետեւաբար այդ առիթով որպես ամբիոն հանդես եկած օրաթերթից դատարանի միջոցով 2,5 մլն դրամ պահանջելը միայն մեկ նպատակ ունի` լռեցնել ազատ խոսքը:
Բայց ո՛չ, պարոնա՛յք, «Ժողովուրդ»-ը չի լռելու: Անհրաժեշտության դեպքում նույնիսկ կվճարենք մարզպետի արժանապատվության գինն ու կշարունակենք մեր բացահայտումները, որովհետեւ ի տարբերություն շատ շատերի, մենք մեր երկիրն ավելի ենք սիրում:   

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս