84 տարեկան Մարիա Սարուխանովան բնակվում է Գյուլբենկյան 37շ., 29բ. հասցեում: Նրա ամուսինը` Խաչատուր Հակոբյանը, վախճանվել է 2001թ.: Նա եղել է 89-րդ «Թամանյան» դիվիզիայի կազմի մեջ, որը ղեկավարում էր գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը:
Մարիա Սարուխանովան նշում է, որ ամուսինը 2-րդ կարգի հաշմանդամ էր: «Ես այսօր պետք է ստանամ ամուսնուս կենսաթոշակի 30 տոկոսը: Բայց պետությունը չի տալիս` ասելով, թե փաստաթուղթը կորել է, չկա փաստ, որ ամուսինս ֆրոնտում է վիրավորվել,-նշում է տիկին Մարիան եւ ավելացնում,-թեեւ Հայաստանում ռազմական քննչական հանձնաժողովը հաստատեց, որ նա վիրավորվել է ֆրոնտում, բայց մեկ է` կենտրոնական վայենկոմատի ֆինանսական բաժինը պնդեց, որ դա չի անցնում»: Ծեր կինն այսօր ապրում է միայնակ. «Շատ հաճախ ինձ ասում են` ինչու չես գնում աղջկադ մոտ, կամ թող ինքը քեզ օգնի, էլ ի՞նչ օգնություն ես խնդրում: Բայց աղջիկս ապրում է Մոսկվայում, ունի առողջական խնդիրներ, ունի 2 ուսանող երեխաներ, միայն ամուսինն է աշխատում: Էլ ինձ ո՞նց օգնի»:
Տիկին Սարուխանովան 15 տարի շարունակ Վրաստանում աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի, 2 տարի եղել է պատգամավոր: 1964թ. տեղափոխվել է Հայաստան եւ շարունակել իր աշխատանքային գործունեությունը թիվ 100 եւ 109 դպրոցներում: Իր տքնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ արժանացել է Հայաստանի աշխատանքի վետերանի կոչման: Նրա աշխատանքային ստաժը կազմում է 34 տարի, որի դիմաց, սակայն, 84-ամյա մանկավարժը ստանում է ընդամենը 26.000 դրամ. «Մի ժամանակ օգտվում էի «Փարոս»-ից, հիմա դա էլ չեմ ստանում: Տարեցտարի պետք է թղթերը վերանայել, թարմացնել, իսկ ես էլ այդ տարիքում չեմ, առողջականս չի ներում: 84 տարեկան եմ, դա քիչ չէ, ես չեմ կարող ջահելի նման հերթ կանգնել` էս թուղթը ճիշտ չէ, էն թուղթը պակասում է…»:
Այդքանից հետո, սակայն, միայնակ թոշակառուն չի կորցնում իր լավատեսությունն ու մեծահոգությունը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է կարողանում գոյատեւել 26.000 դրամ թոշակով, նա ասում է. «Ես շատ ընտանիքներ գիտեմ, որոնք երիտասարդ են, որոնք երեխաներ են մեծացնում, եւ որոնց ընտանեկան բյուջեն չի գերազանցում 100.000 դրամը…»: Ահա այսպես, պատերազմի վետերան ամուսին ունեցող, վաստակաշատ ծեր մանկավարժը գոյատեւում է պետության տված կոպեկներով ու չի տրտնջում:
ԾԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՊԵԿՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ