Armenian text to speach

96 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Արցախի գրողների նահապետ Սոկրատ Խանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել արցախցի անվանի բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Աղալարի Խանյանը։ Նրա մահը ծանր կորուստ է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ մշակութային ու գիտական հանրության համար։

96-ամյա գրողը Արցախում հայտնի էր Արցախի գրողների Նահապետ անվամբ։

Սոկրատ Խանյանը ծնվել է 1930 թվականի հունվարի 22-ին Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Իր ավելի քան յոթ տասնամյակ ձգվող ստեղծագործական և գիտական գործունեության ընթացքում նա հայ գրականությանը, կրթությանը և ազգային մշակույթին նվիրեց իր ամբողջ կյանքը՝ թողնելով հարուստ ու մնայուն ժառանգություն։

Նրա գրական ճանապարհը սկիզբ է առել դեռևս ուսանողական տարիներին։ 1949-1953 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թվականին «Կոմունիստ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված ավագ եղբոր՝ բանաստեղծ Սուրեն Խանյանի հիշատակին։

1953-1962 թվականներին աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի խմբագրությունում՝ որպես լրագրող։ 1958 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1994 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ 2002 թվականին՝ Հայաստանի գրողների միության անդամ։ 1959 թվականին հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Կարկաչ»-ը։

1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1969 թվականին, Բաքվի հայկական բաժնի փակվելուց հետո, տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ իր մասնագիտական կյանքը կապել է Արցախի պետական համալսարանի հետ։ Տասնամյակներ շարունակ դասավանդել է, ղեկավարել ամբիոններ, զբաղեցրել դեկանի պաշտոնը, եղել ուսանողական գիտական խորհրդի նախագահ և մեծ ներդրում ունեցել արցախյան բարձրագույն կրթության զարգացման գործում։

2002 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.)» թեմայով, իսկ 2004 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։

Նա նաեւ հեղինակն է Արցախի մայր բուհի՝ Արցախի պետական համալսարանի օրհներգի։

Սոկրատ Խանյանը հեղինակ է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, պոեմների, գրականագիտական ուսումնասիրությունների, հրապարակախոսական աշխատությունների և թարգմանությունների։ Նրա գիտական աշխատանքները կարևոր դեր են ունեցել հայ գրականագիտության զարգացման գործում, իսկ ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հայրենիքի, Արցախի, ազգային ինքնության և պատմական հիշողության թեմաները։ Նրա «Արցախի արծիվը» պոեմը և «Արցախի պատերազմը և հայ պոեզիան» ուսումնասիրությունը դարձել են ժամանակակից հայ գրականության կարևոր արժեքներից։

Իր երկարամյա գործունեության համար Սոկրատ Խանյանը բազմիցս արժանացել է պետական և մասնագիտական բարձր գնահատանքի։ Նա պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ստացել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, ինչպես նաև արժանացել Հայաստանի գրողների միության և Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալներին։

Սոկրատ Խանյանը ոչ միայն ականավոր գրականագետ և մանկավարժ էր, այլև ազգային արժեքների հետևողական պաշտպան, հայրենասեր մտավորական, որի խոսքն ու գործը մշտապես ծառայել են հայ ժողովրդին և հայրենիքին։ Նրա ստեղծագործական և գիտական ժառանգությունը շարունակելու է ոգեշնչել նոր սերունդներին՝ մնալով հայ մշակույթի և գրական մտքի կարևորագույն էջերից մեկը։

Հատկանշական է, որ Սոկրատ Խանյանը հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի պապն էր։

Սոկրատ Խանյանի մահը մեծ կորուստ է հայ գրականության, գիտության և հատկապես Արցախի մշակութային կյանքի համար։ Նրա թողած հարուստ ժառանգությունը կապրի իր գրքերում, գիտական աշխատություններում և այն սերունդների հիշողության մեջ, որոնց կրթել, ոգեշնչել և առաջնորդել է իր ամբողջ կյանքում։

Նանիկ Աղասյան




Լրահոս