ԱՄՆ-ի՝ Եմենում հութիների դեմ իրականացրած ավիահարվածների հետևանքով անցած տարի 153 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 243-ը՝ վիրավորվել։ Այս մասին նշվում է Պենտագոնի ուսումնասիրության մեջ, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին՝ խաղաղ բնակչության շրջանում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակում։
Ուսումնասիրությունն անդրադարձել է 2025 թվականի ապրիլին իրականացված երեք ավիահարվածների, որոնք իրականացվել էին հութիների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում։ Այդ ժամանակ հութիները հարձակումներ էին իրականացնում Կարմիր ծովում առևտրային նավերի դեմ։
Հարվածները հասցվել են Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայի մերձակայքում, ինչպես նաև Ռաս Իսա նավահանգստում։ Ամենածանր հետևանքներն ունեցել է նավահանգստին հասցված հարվածը, որի հետևանքով 80 մարդ զոհվել, իսկ 171-ը՝ վիրավորվել։
Պենտագոնի գնահատմամբ՝ երեք հարվածները «ավելի հավանական է, որ հանգեցրել են խաղաղ բնակչությանը հասցված վնասի»։ Գնահատականը հիմնված է եղել ԱՄՆ հետախուզական տվյալների, տեսանյութերի ու լուսանկարների և բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը 2025 թվականի ապրիլին հայտարարել էր, որ հարվածների նպատակը Եմենի բնակչությանը վնաս հասցնելը չի եղել։ Ըստ հրամանատարության՝ գործողության նպատակն էր ոչնչացնել իրանական աջակցությունը վայելող հութիների վառելիքի աղբյուրը և զրկել նրանց եկամուտներից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում էին տարածաշրջանում հարձակումները ֆինանսավորելու համար։
Պենտագոնի ուսումնասիրության համաձայն՝ երեք հարվածների հետևանքով տուժածների համար փոխհատուցման կամ ցավակցական վճարների տրամադրումն անհրաժեշտ չի համարվել։ Ուսումնասիրությունը, սակայն, չի մանրամասնել այդ որոշման պատճառները։
ԱՄՆ-ը հութիների դեմ ռազմական գործողություններ է սկսել 2023 թվականին՝ Ջո Բայդենի նախագահության օրոք, այն բանից հետո, երբ հութիները սկսել էին անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածներ հասցնել Կարմիր ծովում առևտրային նավերին։
Վերջին շրջանում Եմենում բռնության նոր ալիքի վտանգը մեծացել է։ Հութիները ակտիվացրել են հարձակումները Եմենի կառավարական ուժերի և հարևան Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ, ինչն աճող մտավախություններ է առաջացնում, որ երկրում կարող է կրկին սրվել քաղաքացիական պատերազմը։
Անի Վարդանյան




























