Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։
Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`
Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։
Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։
Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։
Հաշվի առնելով վերոնշյալը, ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է․
1. Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։
2. Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։
3. Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։
4. Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։
Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։
Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։

























