Անի Վարդանյան
Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը խորանում է․ օգոստոսի 19-ի դրությամբ բենզին վաճառվում էր երկրի լցակայանների 30%-ից պակասում։ Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը 41% էր։ Մոսկվայում էլ առաջին անգամ հերթեր են գոյացել բենզալցակայանների մոտ։
Վառելիքի պակասը պայմանավորված է հիմնականում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարձակումներով։ Հուլիսի սկզբի դրությամբ երկրի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները առնվազն մեկ անգամ հարվածի էին ենթարկվել։
Forbes-ի հաշվարկներով՝ վնասված նավթավերամշակման գործարաններին բաժին է ընկնում երկրի վերամշակման ընդհանուր հզորության 54%-ը։ Հուլիսին բենզինի օրական արտադրությունը նվազել է մինչև 75-80 հազար տոննա, մինչդեռ ամռանը պահանջարկը կազմում է 115-120 հազար տոննա։
Վառելիքի պակասը ստիպել է Ռուսաստանին սահմանափակել մեկ անձի վաճառվող բենզինի ծավալը։ Մոսկվայի «Գազպրոմ Նեֆտ» լցակայաններում սահմանվել է 40 լիտր, իսկ «Տատնեֆտ»-ում՝ բենզինի 50 և դիզելային վառելիքի 60 լիտր սահմանաչափ։
Ռուսաստանը նաև սկսել է ավելի մեծ ծավալներով վառելիք ներմուծել Բելառուսից, Ղազախստանից և առաջին անգամ՝ Մարոկկոյից։ Սակայն ներմուծված վառելիքի մի մասը չի հասնում սպառողներին՝ գների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Միաժամանակ, բենզինի մանրածախ գինը 2026 թվականի առաջին կեսին աճել է 7.4%-ով՝ հասնելով միջինը 70 ռուբլու մեկ լիտրի համար։ Որոշ շրջանների բնակիչներ հայտնել են, որ գինը գերազանցել է 100 ռուբլին։
Ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի կառավարությունը նաև թույլատրել է արտադրել և վաճառել Euro-2, Euro-3 և Euro-4 դասի բենզին, որը նախկինում արգելված էր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի վերջին ընդունել էր վառելիքի պակասի փաստը՝ այն անվանելով «ոչ կրիտիկական»։ Օգոստոսի 19-ին նա կրկին հայտարարել է, որ հարձակումները վնաս են հասցնում Ռուսաստանին, սակայն «կրիտիկական հետևանքների» չեն հանգեցրել։