Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն պատմական արդյունքի հասավ ու հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ տուրի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին: Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու ակումբները փոխանակվում էին գրոհներով՝ այդպես էլ չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի միջնամասում արդեն «Ունիվերսիտատեա Կրայովա»-ն առավել շատ էր գրոհում, իսկ «Արարատ-Արմենիա»-ն շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Երկրորդ կեսում արդեն թիմերի գրոհներն առավել սուր էին, բայց վերջնական արդյունքը դրական չէր լինում: Ամեն ինչ տանում էր դեպի լրացուցիչ ժամանակ, սակայն հանդիպման ավելացված ժամանակում «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, և նշանակված 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Սանդրո Լիման:
«Արարատ-Արմենիա»-ն դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում: Լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին:




























