ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը այս օրերին ակտիվորեն զբաղված են կառավարության վերջնական կազմավորման աշխատանքներով, մասնավորապես՝ փոխնախարարների թեկնածուների ընտրությամբ։
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձևավորման գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, իսկ սեպտեմբերի 3-ը սահմանված ժամկետի վերջին օրն է։ Այս ֆոնին իշխանական կուլիսներում ակտիվ քննարկվում է, թե ովքեր են զբաղեցնելու նախարարների տեղակալների պաշտոնները։
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ու Մակունցը որոշել են կառավարության համակարգում բավական լայնածավալ կադրային փոփոխություններ իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է, որ փոխնախարարների զգալի մասը լինելու է նոր և երիտասարդ կադրերից, որոնք մինչ այս կառավարության կազմում պաշտոններ չեն զբաղեցրել։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը հիմնականում նոր թիմի ներկայացուցիչների մասին է, որոնք տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում կրթություն են ստացել:
Ըստ մեր աղբյուրների՝ նոր փոխնախարարների շարքում զգալի տեղ կարող են զբաղեցնել «Ի գործ» ծրագրի ներկայացուցիչները։ Իշխանության ներսում նրանց դիտարկում են որպես երիտասարդ, նոր կադրերի, որոնք պետք է համալրեն պետական կառավարման համակարգը։
Այս գործընթացի առաջին օրինակներից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նոր փոխնախարարի թեկնածությունն է։ Ինչպես ավելի վաղ գրել էր ArmLur.am-ը, Արմեն Սիմոնյանի պաշտոնից ազատումից հետո քննարկվում էր Դավիթ Իվանյանի թեկնածությունը։
Այսպիսով, այս պահին գրեթե բոլոր նախարարություններում սրտատրոփ սպասում են նոր երիտասարդներին, ովքեր պետք է զբաղեցնեն փոխնախարարների և թափուր պաշտոններում առկա տեղերը:
Սոնա Գրիգորյան




























