Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։
Ռոսավիացիայի տվյալներով՝ սահմանափակվել են ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը։ Նախորդ գիշերը «Շերեմետևոյում» չեղարկվել էր 21, իսկ «Վնուկովոյում»՝ 22 չվերթ, տասնյակ այլ թռիչքներ էլ ուշացել էին։
Դեպքերը հաջորդել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախազգուշացմանը, որ Ռուսաստանի օդային տարածքում ԱԹՍ-ների ակտիվության աճը մեծացնում է քաղաքացիական ավիացիայի ռիսկերը։ Կիևը դիմել է նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը՝ կոչ անելով խստացնել Ռուսաստանի օդային տարածքով քաղաքացիական թռիչքների սահմանափակումները։
Ուկրաինան հայտարարել է, որ չի թիրախավորում քաղաքացիական ինքնաթիռները։



























