ArmLur.am-ը տեղեկացրել էր քաղաքագետ, տարածաշրջանային հետազոտությունների և անվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի մահվան մասին։
Հայտնի են նրա հոգեհանգստի և հրաժեշտի արարողության անցկացման վայրն ու ժամերը։
Ռիչարդ Կիրակոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, ժամը 18։00-20։00-ը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12։30-ին, նույն եկեղեցում։
Այնուհետև՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա մեկնումը դեպի գերեզմանատուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի փորձագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
ArmLur.am-ը ուսումնասիրել էր, թե ով էր հայտնի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
Կիրակոսյանը տարածաշրջանային փորձագիտական դաշտում ավելի քան երեք տասնամյակ գործունեություն ունեցած մասնագետ էր, որի հիմնական մասնագիտական ուղղությունները Հարավային Կովկասը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու աշխարհաքաղաքական զարգացումներն էին։ Նրա կարծիքներին տարիներ շարունակ անդրադարձել են միջազգային լրատվամիջոցներն ու վերլուծական շրջանակները՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, անվտանգության և տարածաշրջանային գործընթացների համատեքստում։
Կիրակոսյանը ծնվել էր 1965 թվականի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Մինչև Հայաստան տեղափոխվելը նա երկար տարիներ աշխատել է ԱՄՆ-ի քաղաքական և փորձագիտական շրջանակներում։ Մասնավորապես, շուրջ ինը տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի Միացյալ տնտեսական հանձնաժողովի աշխատակից՝ զբաղվելով նախկին Խորհրդային Միության և Չինաստանի հարցերով, կազմակերպելով Կոնգրեսի լսումներ և պատրաստելով վերլուծական նյութեր կոնգրեսականների համար։
Նրա մասնագիտական կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև միջազգային անվտանգության ոլորտի կառույցների հետ աշխատանքները։ Կիրակոսյանը խորհրդատվություն է իրականացրել Ասիական զարգացման բանկի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ-ի, Միջազգային ճգնաժամային խմբի, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարությունների համար։
Նա նաև աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական կենտրոնակայանում, Jane’s Information Group-ում և Oxford Analytica-ում, դասախոսել է ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում Հռոմում և դասավանդել Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղում։ Նրա վերլուծություններն ու հոդվածները հրապարակվել են միջազգային մի շարք պարբերականներում, այդ թվում՝ Le Monde-ում, The Moscow Times-ում և Turkish Policy Quarterly-ում։
Կիրակոսյանը Հայաստան տեղափոխվել է 2006 թվականին։ 2009-2011 թվականներին նա ղեկավարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, իսկ 2011 թվականից՝ իր հիմնադրած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Հարավային Կովկասի քաղաքական, անվտանգային ու աշխարհաքաղաքական զարգացումները ուսումնասիրող անկախ փորձագիտական կառույցներից մեկը։ Կիրակոսյանի գործունեությունը հատկապես նկատելի էր այն պատճառով, որ նա Հայաստանի վերաբերյալ վերլուծություններ էր ներկայացնում նաև միջազգային մասնագիտական հարթակներում՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի թեմաների շուրջ։
Նրա մահից հետո մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները ընդգծել են ոչ միայն նրա մասնագիտական գործունեությունը, այլև այն երկարատև կապերը, որոնք նա ունեցել է տարածաշրջանի փորձագետների, լրագրողների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Կիպրոսի հարցերով գրասենյակի տնօրեն Նիգյար Գյոկսելը նշել է, որ Կիրակոսյանի բացակայությունը մեծ դատարկություն կթողնի այն մասնագիտական միջավայրում, որը նրանք ավելի քան երկու տասնամյակ կիսել են։
Կիրակոսյանի մահը տեղի է ունեցել Ստամբուլում, ուր նա մեկնել էր աշխատանքային հանդիպման մասնակցելու նպատակով։ Սեպտեմբերի 18-ին նա հոսպիտալացվել էր, իսկ սեպտեմբերի 20-ին մահացել է։
Անի Վարդանյան

























