Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) միակողմանիորեն ազատ է արձակել Եմենի կառավարական բանակի 600 գերեվարված զինծառայողի և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կատարելու ավելի քան 1600 գերիների փոխանակման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնել է շարժման՝ Գերիների հարցերով կոմիտեի ղեկավար Աբդել Քադեր ալ-Մուրթադան։
«Մենք ազատ ենք արձակել հակառակ կողմի 600 գերու։ Սա հակամարտության ողջ պատմության ընթացքում գերիներին ներում շնորհելու և ազատ արձակելու ամենախոշոր միակողմանի գործողությունն է»,- հայտարարել է ալ-Մուրթադան Սանաայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ խոսնակի՝ շարժումը նախկինում ազատ է արձակել 2612 գերիների՝ ութ միակողմանի նախաձեռնությունների շրջանակում։
Ալ-Մուրթադան նաև վերահաստատել է հութիների պատրաստակամությունը՝ իրականացնելու գերիների փոխանակման այն համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ ընթացիկ տարվա մայիսին՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ։
«Մենք որևէ առարկություն չունենք համաձայնագրի իրականացման վերաբերյալ՝ նույնիսկ լարվածության սրման պայմաններում։ Գերիների հարցն առանձին հումանիտար խնդիր է»,- ընդգծել է շարժման ներկայացուցիչը։




























