Armenian text to speach

Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի դատարանն ուրբաթ մերժել է հայտնի բարերար Օսման Քավալային ազատ արձակելու և նրա գործը վերանայելու պահանջով բողոքը՝ չնայած Անկարայի համար պարտադիր ուժ ունեցող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռին, հայտնում է Bianet պարբերականը։

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանն ուժի մեջ է թողել 13-րդ դատարանի՝ հոկտեմբերի 13-ի որոշումը, որով մերժվել էր դատավճռի կատարումը կասեցնելու, Քավալային ազատ արձակելու և նոր դատաքննություն անցկացնելու պահանջը։

Դատարանը համաձայնել է ստորադաս ատյանի այն փաստարկին, որ Քավալան չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած նրա դիմումը դեռ չի քննվել։

Սակայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատն օգոստոսի 25-ի վճռով արդեն մերժել էր այդ փաստարկը։ Եվրոպական դատարանը մատնանշել էր Սահմանադրական դատարանում գործի քննության ձգձգումը և Թուրքիայի կողմից ՄԻԵԴ-ի նախորդ վճիռների չկատարումը։ Դատարանի կարծիքով, նման հանգամանքներում Քավալան պարտավոր չէ սպասել իր դիմումի վերաբերյալ որոշմանը։

ՄԻԵԴ-ը պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել նրա ազատ արձակումը և վերացնել մեղադրական դատավճռի հետևանքները. այդ դատավճիռը դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ անհամատեղելի։

Քավալան անազատության մեջ է 2017 թվականից։ 2022 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի՝ 2013 թվականին Գեզի զբոսայգում բողոքի ցույցերը ֆինանսավորելու և կազմակերպելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։ Քավալան հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ հետապնդումը քաղաքական բնույթ ունի։

Բողոքի ցույցերը սկսվել էին Ստամբուլի կենտրոնում գտնվող զբոսայգու վերակառուցման ծրագրերի պատճառով, սակայն շուտով տարածվել էին երկրի այլ քաղաքներում և վերածվել այն ժամանակվա վարչապետ, այժմ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ ցույցերի։

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Քավալայի հետապնդումն ու ազատազրկումը նպատակ են ունեցել պատժել և լռեցնել նրան՝ ցույցերին մասնակցելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության համար։

Հոկտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկում է ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը, քննադատել է Քավալային ազատ արձակելու՝ թուրքական դատարանի մերժումը։

Կոմիտեն հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանության բոլոր ճյուղերը, ներառյալ դատական համակարգը, պարտավոր են կատարել Եվրոպական դատարանի վճիռները, և խնդրել է մինչև մարդու իրավունքների հարցերով դեկտեմբերյան նիստը տեղեկություններ տրամադրել վճռի կատարմանն ուղղված միջոցառումների մասին։

Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ է և պարտավորություններ ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում։ ՄԻԵԴ-ն առաջին անգամ Քավալային ազատ արձակելու պահանջ է ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերին։ Վճիռը կատարելուց Անկարայի հրաժարվելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2022 թվականի փետրվարին սկսել է վճռի չկատարման առնչությամբ վարույթ։ Նույն տարվա հուլիսին ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է իր վճիռը կատարելու պարտավորությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս