ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա կատարած առաջիկա այցը մտադիր է օգտագործել իր քաղաքական դիրքերն ամրապնդելու և միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների ազդեցությունը վերահաստատելու համար։ Այս մասին գրում է CNN-ը՝ վերլուծելով Թրամփի ներքաղաքական խնդիրներն ու արտասահմանյան այցի քաղաքական նշանակությունը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը մեկնում է Ասիա՝ ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության կրած ընտրական պարտությունից, Սպիտակ տան աշխատակազմում փոփոխություններից և իր վարչակազմի մի շարք անդամների պաշտոնանկության վերաբերյալ հնչող կոչերից հետո։ Այս իրավիճակում արտասահմանյան այցը կարող է հնարավորություն դառնալ՝ փոխելու նրա քաղաքական օրակարգի շուրջ ձևավորված պատկերը և ցույց տալու, որ նա շարունակում է կարևոր դեր ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ։
Թրամփի այցի շրջանակում նախատեսված են մասնակցություն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին և Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մտադիր է այցի ընթացքում հայտարարել նոր առևտրային պայմանավորվածությունների մասին և ընդգծել Վաշինգտոնի ներկայությունը տարածաշրջանում։ Սպիտակ տան ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի ստորագրում։
Այցի ամենաուշագրավ իրադարձություններից մեկը հինգշաբթի նախատեսված եռակողմ հանդիպումն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ CNN-ի փոխանցմամբ՝ սա երեք առաջնորդների առաջին նման եռակողմ հանդիպումն է լինելու։
Հանդիպման ընթացքում, ըստ ամերիկացի պաշտոնյաների, նախատեսվում է քննարկել միջուկային սպառազինությունների հարցը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման վերջին պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարին։ Երկու երկրներն ունեն մոտ 5000-ական միջուկային մարտագլխիկ, մինչդեռ Չինաստանն արագորեն ավելացնում է իր միջուկային զինանոցը, որն արդեն գերազանցում է 600 մարտագլխիկը։
Թեև Պուտինն ի սկզբանե առաջարկել էր եռակողմ հանդիպումն օգտագործել Ուկրաինայի պատերազմի քննարկման համար, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ այդ հարցը հանդիպման օրակարգում չի լինելու։
Միաժամանակ, CNN-ը նշում է, որ Թրամփի ասիական այցը տեղի է ունենում մի շարք արտաքին քաղաքական բարդությունների ֆոնին։ Իրանի պատերազմը և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ մինչ այժմ արդյունք չտված ամերիկյան ջանքերը շարունակում են մնալ Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգի առանցքում։ Այս հակամարտությունների հետևանքով տարածաշրջանում աճել են նաև վառելիքի գները։
Թրամփի այցի վրա ստվեր կարող է գցել նաև ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի շուրջ ծագած սկանդալը՝ կապված Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի և ենթադրյալ չինացի լրտեսի հետ կապերի մասին հրապարակումների հետ։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր չէ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել այդ հարցը։ Ամերիկացի պաշտոնյաները նաև չեն ակնկալում, որ առաջնորդները կքննարկեն Չինաստան բարձր հզորության կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումների խստացման հարցը։
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահների արտասահմանյան այցերը հաճախ օգտագործվել են ներքաղաքական դժվարություններից հետո իրենց քաղաքական ազդեցությունը վերահաստատելու համար։ Նման մոտեցում կիրառել են Ռոնալդ Ռեյգանը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման՝ միջանկյալ ընտրություններում իրենց կուսակցությունների անհաջողություններից հետո։
CNN-ի զրուցակից, ԱՄՆ նախկին դեսպան Մալայզիայում Էդգարդ Քագանը նշել է, որ արտաքին քաղաքականությունն ու նախագահական այցերը այն ոլորտներից են, որտեղ նախագահն ունի առանձնահատուկ դերակատարում։ Նրա խոսքով՝ նման այցերը հնարավորություն են տալիս փոխելու քաղաքական իրադարձությունների շուրջ ձևավորված պատկերը և հիշեցնելու ինչպես ամերիկացիներին, այնպես էլ միջազգային գործընկերներին, որ երկրի նախագահը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։
Այդպիսով, Թրամփի ասիական այցը միաժամանակ ուղղված է տարածաշրջանում ԱՄՆ տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդմանը և նախագահի ներքաղաքական դիրքերի շուրջ ձևավորված բացասական պատկերի մեղմմանը։
Անի Վարդանյան




























