ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, նոյեմբերի 19-ին Բեռլինում Ուկրաինայի և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բազմակողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ Ուիթքոֆն ու Քուշները, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը Բեռլինում կհանդիպեն ուկրաինացի պաշտոնյաների և եվրոպացի բանակցողների նոր խմբի հետ։ Քննարկման օրակարգում կլինեն բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստությունը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև երկրի տնտեսական վերականգնման համապարփակ ծրագիրը։
Նոյեմբերի 13-ին Դուբլինում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները տեխնիկական բանակցություններում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ ներգրավելու համար հաստատել են նույն բանակցային կազմը, որը նախկինում Աբու Դաբիում մասնակցել էր Կիևին աջակցող խմբի աշխատանքներին։ Խոսքը «ԵՄ+Ե5» ձևաչափի մասին է, որի կազմում են Եվրահանձնաժողովը, Եվրոպական խորհուրդը և «կամավորների կոալիցիայի» հինգ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիան։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել էր, որ նոյեմբերի 19-ին Գերմանիան Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ Բեռլինում կհյուրընկալի «կամավորների կոալիցիայի» երկրների հանդիպումը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան արձանագրում է Եվրոպայից հնչող ագրեսիվ հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվայի համար շարունակում է բաց հարց մնալ, թե արդյոք եվրոպացիների մասնակցությունը բանակցություններին կնպաստի Ուկրաինայում խաղաղության գործընթացին։




























