ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 մլն 680 հազար դրամի կրթական ծրագրի մասնակցության համաֆինանսավորում է ստացել։
ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից պարզեց, որ Վահե Հովհաննիսյանի ստացած նվերի վերաբերյալ տվյալները ներկայացված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի նվերների հաշվառման ձևաթղթում։
Համաձայն հայտարարագրի՝ նվերը տրամադրել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի գործունեության ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են։
Նվերի նկարագրության համաձայն՝ խոսքը Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ՝ Oxford Internet Institute-ի միջոցով իրականացվող «AI for Policymaking: an Oxford Internet Institute Executive Education Programme for the Government of Armenia» գործադիր կրթական ծրագրին մասնակցության համաֆինանսավորման մասին է։ Ծրագիրը նախատեսված է ՀՀ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի համար։
Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը կազմում է 1 մլն 680 հազար դրամ։ Այն ստացվել է 2026 թվականի հոկտեմբերին։ Ձևաթղթում որպես տրամադրման հիմք նշված է թափանցիկ գործընթացը՝ դիմորդների նկատմամբ նույն պայմանների և չափանիշների կիրառմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նույն կրթական ծրագրին մասնակցության համաֆինանսավորում են ստացել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրանցից յուրաքանչյուրի հայտարարագրած կրթական աջակցության արժեքը նույնպես կազմել է 1 մլն 680 հազար դրամ։

Սոնա Գրիգորյան




























