Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» անվանելու համար։ BBC-ին տված հարցազրույցում նա նաև դժգոհություն է հայտնել, որ ԱՄՆ-ը բավարար ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա խաղաղության բանակցություններում, իսկ Ուկրաինային անհրաժեշտ հակահրթիռային համակարգերի մատակարարումները ձգձգվում են։
Կիևում՝ իր աշխատասենյակում, BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդի հետ զրույցում Զելենսկին Թրամփի և Պուտինի հարաբերություններն «տարօրինակ» է անվանել՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահը ագրեսոր է։ Նրա խոսքով՝ Պուտինին ընկեր անվանելն անընդունելի է։
«Նա ագրեսոր է և մարդասպան։ Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող»,– ասել է Զելենսկին՝ համեմատություն անցկացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ադոլֆ Հիտլերի հետ ընկերություն անելու հետ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը բավարար չափով չի ճնշում Ռուսաստանին՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար։ Նա նշել է, որ Աբու Դաբիում այս ամսվա սկզբին տեղի ունեցած բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել, իսկ հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին։ Միաժամանակ, դեռևս հստակ չէ՝ արդյոք բանակցություններին կմասնակցեն նաև եվրոպացի ներկայացուցիչները։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են իրական դաշնակիցներ, որոնք կարող են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նրա խոսքով՝ երբ ագրեսորի նկատմամբ փորձում են չեզոք դիրք պահպանել, դա նշանակում է աջակցել և՛ տուժողին, և՛ ագրեսորին։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմն ու մարդկանց զոհվելը։ Նա նշել է, որ կարող է Պուտինին ընկեր չանվանել, սակայն իր նպատակը գործարքի հասնելն է։ ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների միջև առկա թշնամանքն է։
Հարցազրույցում Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության խնդիրներին։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինուժն այժմ կարողանում է ոչնչացնել ռուսական ամենաարագ անօդաչու թռչող սարքերի շուրջ 70 տոկոսը, և այդ ցուցանիշը բարելավվում է։ Սակայն բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված հակահրթիռների մեծ պակաս կա։
Զելենսկին դժգոհել է, որ ԱՄՆ-ը ձգձգում է Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումները՝ միաժամանակ ավելի մեծ ուշադրություն դարձնելով Մերձավոր Արևելքին։ Նրա խոսքով՝ այդ հրթիռների պակասը մարդկանց կյանքեր է արժենում։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օկուպացված տարածքներում շարունակում են սահմանափակվել ամերիկյան Starlink արբանյակային կապի համակարգի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի հնարավորությունները։ Հարցին, թե ով է կայացրել այդ որոշումը, Զելենսկին պատասխանել է, որ տեխնիկապես դա SpaceX-ի որոշումն է, սակայն քաղաքական պատասխանատուին ինքը չգիտի։
Զելենսկին պաշտպանել է նաև Ուկրաինայի հարվածները ռուսական թիրախներին՝ այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին և զենք կամ վառելիք տեղափոխող նավերին։ Նա ռուսական «Մերկուրի» ռազմանավը համարել է օրինական թիրախ։ Միաժամանակ նշել է, որ ուկրաինական ուժերը նման հարվածներ հասցնելիս գործում են գործընկերների հետ համակարգված։
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև առաջիկա ձմռան դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածները թիրախավորում են Դնեպր գետի կամուրջները, ինչը կարող է կտրել Կիևի տարբեր հատվածների միջև կապը։ Էլեկտրաէներգիայի անջատումները և լոգիստիկ խնդիրները բարդացրել են նաև բիզնեսի աշխատանքը, իսկ որոշ բնակիչներ արդեն հեռացել են քաղաքից՝ ձմեռը այլ վայրում անցկացնելու համար։
«Ռուսաստանը, իհարկե, ցանկանում է, որ մենք փախչենք։ Մարդիկ կարող են հեռանալ, բայց մենք կփորձենք ամեն կերպ պաշտպանել մեր մայրաքաղաքը։ Մեզ մայրաքաղաք է պետք։ Առանց մայրաքաղաքի երկիր չունես»,– ասել է Զելենսկին։
Անի Վարդանյան




























