Դեկտեմբերի 22-ից Իջեւանի նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը փորձում է անցնել իր պարտականությունների կատարմանը, սակայն խոչընդոտների է հանդիպում: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը համարում է, որ ինքը մինչեւ դեկտեմբերի 24-ը պետք է պաշտոնավարի, քանի որ 2007թ. դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո նա իր առաջին աշխատանքային օրը համարել է դեկտեմբերի 24-ը: Վարդան Ղալումյանն էլ հղում է անում ՏԻՄ օրենքի 7-րդ հոդվածին, ըստ որի` արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը: Դա նշանակում է, որ 2011թ. դեկտեմբերի 21-ին լրացել է Վարուժան Ներսիսյանի` որպես քաղաքապետ պաշտոնավարման 4 տարին, եւ պետք է դադարեցվեն նրա լիազորությունները:
Դեկտեմբերի 23-ին Վարդան Ղալումյանը եւ Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը եղան մարզպետարանում, հանդիպեցին մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանին: Նորընտիր քաղաքապետը պահանջում էր, որ մարզպետարանի ներկայացուցիչն իր հետ գա Իջեւանի քաղաքապետարան, եւ նրա ներկայությամբ հանձնում-ընդունում կատարվի: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Վարդան Ղալումյանը նման պահանջով գրավոր դիմել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Միշա Մխիթարյանն ասաց, որ դա իր պաշտոնական պարտականությունների մեջ չի մտնում: Նա նաեւ հայտնեց, որ Վ.Ներսիսյանն Իջեւանում չէ: Իր աշխատավայրում չէր նաեւ Տավուշի մարզպետը: Վարդան եւ Վահե Ղալումյանները մեկ ժամ զրուցեցին մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի հետ, սակայն գործը տեղից չշարժվեց: Այնուհետեւ ավագանու անդամ Վահե Ղալումյանը եւ ավագանու նախկին անդամ Սուրեն Մանուկյանը եղան Իջեւանի քաղաքապետարանում, հանդիպեցին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանի հետ: Վերջինս նրանց ներկայությամբ հեռախոսով զրուցեց նախկին քաղաքապետ Վ.Ներսիսյանի հետ, ով ասաց, որ ինքը պետք է ստանա նաեւ այդ 2 օրվա` դեկտեմբերի 22-24-ի աշխատավարձը: Վարդան Ղալումյանի համոզմամբ` Վարուժան Ներսիսյանը ժամանակ է ձգում, որպեսզի իր կողմից օտարված տարածքները կադաստրային ձեւակերպում ստանան: Նրա խոսքով` քաղաքապետարանի ղեկավարները գիշերները կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանման շենքում են անցկացնում:
Իջեւանի մեր աղբյուրներն ասում են, որ Վարուժան Ներսիսյանը հասցրել է դատարկել համայնքի բյուջեն, այնտեղ ընդամենը 300 հազար դրամ է մնացել: Այդ իսկ պատճառով վտանգված է Տավուշի մարզկենտրոնում Ամանորի հանդեսի կազմակերպումը: Ի դեպ, դեկտեմբերի 22-ին էլ Իջեւանում հողամասի աճուրդ է կայացել, օտարվել է Աբովյան փողոցում գտնվող 48 քառակուսի մետր տարածք: Եւ այս ամենը կատարվում է մարզպետարանի պասիվ, «չխառնվելու» գործելակերպի պայմաններում: Իջեւան քաղաքում փաստացի անիշխանություն է:
Տավուշ