«Նախարարների գերակշիռ մասը գործնականում բավականին կոփված է»․ Ա․ Դավթյան․ «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Գործադիր մարմինը վերջնականապես ձեւավորվեց ու անգամ ստացավ «մականուն»` «օլիգարխների կառավարություն»: Տնտեսական կյանքում ի՞նչ պետք է բարեփոխի այս կառավարությունը, որ նախկինին չհաջողվեց: Առավել եւս, որ իշխանական բուրգը նույնն է, միակ նորությունը որոշ «հին» կադրերի «վերածնունդն» է: Այսուհանդերձ, ի՞նչ «բեկում» կմտցնի Հայաստանի տնտեսական կյանքում այս կառավարությունը` հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին:

Թե ինչ պիտի անի կառավարությունը, ակնհայտ է, քանի որ նախագահը հստակ հանձնարարականներ արդեն տվել է։ Պետք է ապահովի տնտեսական աճ, որը պետք է լինի նախորդ կառավարությանը ներկայացրածից ոչ պակաս, աշխատավարձերի առաջանցիկ աճ, վստահություն բարեփոխումների նկատմամբ եւ այլն: Համոզված եմ, որ այս կառավարությունը կկարողանա լուծել այդ խնդիրները: Սա լավատեսություն չէ, այլ իրատեսություն:

Նոր կառավարության կա՞զմն է Ձեզ նման իրատեսության հիմքեր տալիս:

Նշանակվածների ճնշող մեծամասնությանը մենք ճանաչում ենք, գիտենք նրանց կատարած գործերը:

Բայց քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ «գործերը» նկատի ունենալով, ասում են, որ սա «օլիգարխների կառավարություն» է:

Մինչեւ 2008-ն ընկած ժամանակահատվածը ներկայացնող դեմքերն են: Երբ նման որակումներ են տալիս, պիտի ասեն նաեւ, որ դա այնպիսի ժամանակահատված էր, երբ տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ էր ապահովվում: Ճիշտ է, նաեւ արտաքին միջավայրն էր բարենպաստ, բայց նշանակված նախարարների գերակշիռ մասը գործնականում բավականին կոփված է: Սա է լավատեսության հիմքը:

Տեսակետ կա, որ իշխանության են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի կադրերը եւ սահուն իշխանափոխություն է տեղի ունենում: Դուք այդպիսի տպավորություն չունե՞ք:

Եթե մեծ ցանկություն ունենաս, աշխարհում կատարվող ամեն ինչ կարող ես փոխշաղկապել։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք նոր կառավարության կազմը, բոլորն էլ առաջին եւ երկրորդ նախագահների կադրերն են: Անկեղծ ասած, չեմ ցանկանում քննարկել` ով ում կադրն է, քանի որ այս պարագայում դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նշանակվել են մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն իրենց անելիքը, շատ լավ պատկերացնում են խնդիրները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս