ՀԱՐՑ. 2011 թվականի ընթացքում Սպառողների ասոցիացիան ի՞նչ չափով կարողացավ օգնել սպառողներին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր սպառողների խնդիրներն ու բողոքներն անվերջ են, սակայն եթե համեմատենք, ապա 2011 թվականին մի փոքր առաջընթաց կար, հաստատ կարողացանք որոշ չափով օգնել սպառողներին: Ընդհանրապես մեր խնդիրն էր առողջ սնունդ եւ առողջ ապրելակերպ պարգեւել մեզ եւ մեր երեխաներին, այդ հարցում սպառողներն էլ մեզ օգնեցին, եւ պետք է միշտ օգնեն, չզլանան եւ թերություններ հայտնաբերելու դեպքում դիմեն մեզ, Սննդի անվտանգության տեսչությանն ու նաեւ այլ համապատասխան կառույցների: Հաջորդ տարվա հետ կապված լավատես եմ եւ ցանկանում եմ, որ մեր սպառողներն էլ լավատես լինեն: Ամենակարեւորը մեր արժանապատվությունն է, եւ պիտի թույլ չտանք, որ մեզ խաբեն, պիտի տեղում համոզվենք ապրանքների օրինականության եւ ժամկետի մեջ:
նախագահ Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի լավատեսությունն ուրախացնող է: Այս կառույցի անելիքներն այնքան շատ են, սակայն, չնայած դրան, տպավորությունն այնպիսին է, որ 2011-ի ընթացքում նրանք, այնուամենայնիվ, բավականին ակտիվ են եղել ու զգալի հաջողության հասել: Իսկ ընդհանուր առմամբ հարկ է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ընկերություններին բոլոր հնարավոր եղանակներով աջակցել` նրանց աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու համար: