Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում եւ դրա շուրջ իրադարձությունները զարգանում են այնքան սրընթաց, որ ժամանակ եւ հնարավորություն չի մնում այդ իրադարձությունները ողջ խորությամբ վերլուծելու, քննարկելու եւ մարսելու համար: Եվ ստացվում է այնպես, որ մամուլը առավելապես հայտնվում է տեղի ունեցող իրադարձությունները արձանագրողի դերում` այդ ընթացքում երբեմն նաեւ հանդես գալով ոչ ադեկվատ գնահատականներով ու մեկնաբանություններով: Ընդ որում, որքան ավելի մեծ է այս կամ այն իրադարձության կարեւորությունը, այնքան ավելի քիչ է դրա մասին պաշտոնական տեղեկատվությունը: Ըստ ամենայնի, դա միանգամայն ձեռնտու է իշխանություններին, քանի որ այդպիսով մամուլը ստիպված է լինում հանրությանը տեղեկացնելու իր գործառույթն իրականացնել ի հաշիվ սեփական աղբյուրներից ստացված տեղեկատվության, որը, բնականաբար, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Եվ երբ իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այս կամ այն լրատվամիջոցի տեղեկությունները սխալ էին, արդյունքում աստիճանաբար հանրության մոտ սկսվում է ձեւավորվել մամուլի հանդեպ անվստահությունը: Էլ չասած, որ այդպիսով լավ հնարավորություն է ընձեռվում իշխանությանը` ի դեմս Սերժ Սարգսյանի, լրատվամիջոցներին մեղադրելու երկրում գաղջ մթնոլորտի ձեւավորման մեջ:
Խնդիրն այն է, սակայն, որ նման գործելաոճի արդյունքում ժողովուրդը չի տեղեկացվում երկրին սպասվող իրական մարտահրավերների եւ դրանց դիմագրավելու ճիշտ ուղիների մասին: Սա, ի դեպ, վերածվում է գլոբալ տեղեկատվական անվտանգության խնդրի, քանզի հայտնի իրողությունը` տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես, այս դեպքում չի գործում:
Խնդիրն այն է, սակայն, որ նման գործելաոճի արդյունքում ժողովուրդը չի տեղեկացվում երկրին սպասվող իրական մարտահրավերների եւ դրանց դիմագրավելու ճիշտ ուղիների մասին: Սա, ի դեպ, վերածվում է գլոբալ տեղեկատվական անվտանգության խնդրի, քանզի հայտնի իրողությունը` տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես, այս դեպքում չի գործում:
Նկատենք, որ այս առումով բավականին անպաշտպան են նաեւ լրատվամիջոցները, քանի որ զրկված են երկրի համար կարեւորագույն ռազմավարական խնդիրների շուրջ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Նախկինում` Ռոբերտ Քոչարյանի օրոք, գործում էր բավականին արդյունավետ կարգ, երբ ՀՀ նախագահը գրեթե բոլոր (այդ թվում եւ` ընդդիմադիր) հեղինակավոր լրատվամիջոցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում ներկայացնում էր կարեւորագույն հարցերում իշխանության դիրքորոշումն ու ծրագրերը: Հիմա, սակայն, բացի մի քանի իշխանական ԶԼՄ-ների հետ խիստ հազվադեպ եւ, որքանով մենք ենք տեղյակ, զուտ ֆորմալ հանդիպումներից, երկրի բարձրագույն իշխանությունը որեւէ շփում չի ունենում հանրային կարծիքը ձեւավորող գործիքի` լրատվական դաշտի հետ: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանության քայլերը, որոնք գուցեեւ ճիշտ են, հանրությունն ընկալում է սվիններով, քանի որ այդ քայլերի տրամաբանությունը մինչ այդ հիմնավոր եւ արժանահավատ կերպով չի ներկայացվում լրատվամիջոցների կողմից: