Երկօրյա այց, մի քանի նպատակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍերԺ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանող Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա այցը մի քանի նպատակ ունի:

«Կարֆուր» ընկերությունը, որ Ֆրանսիայում ոչ այնքան հեղինակավոր և ցածրակարգ խանութների ցանց է համարվում, իր երևանյան ցանցի առաջին սուպերմարկետը, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ պետք է բացի:

«Կարֆուրի» տարածման և դրա արդյունքում տեղական ապրանքների դուրսմղման ու կլանման շուրջ վերջին օրերին տարբեր խոսակցություններ են շրջանառվել, բայց, հազիվ թե, Ֆրանսիայի նախագահի այցը որոշակիություն մտցնի «Կարֆուր» – «Երևան սիթի» պայթյունավտանգ հարաբերություններում:

Ֆ. Օլանդը լավագույն դեպքում սուպերմարկետի ժապավենն է կտրելու: Նույն բարձր տրամադրությամբ նա երեկոյան ներկա է գտնվելու Շառլ Ազնավուրի համերգին՝ դրանով իսկ ընդգծելով աշխարհահռչակ հայ շանսոնյեի՝  Ֆրանսիայում ծավալած գործունեությունը:

Հեռավոր այս երկրի հետ բարեկամական հարաբերությունները միայն մշակութային հարթությամբ չեն սահմանափակվելու: Կասկածից վեր է, որ Օլանդը խոսելու է նաև Ցեղասպանության թեմայով՝ ևս մեկ անգամ կարևորելով և ընդգծելով Ֆրանսիայի նախաձեռնողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհով մեկ տարածելու հարցում:

Սոնա Դավթյան




Լրահոս