Հայաստանի և Ռուսաստանի արխիվային գործը արդի փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ:

Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ «Արխիվային գործը Ռուսաստանում և Հայաստանում արդի փուլում» խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:  Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե անդրադարձ եղավ Հայաստանի և ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց երկու երկրների արիվային ծառայությունների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացը և այն ընդլայնելու պատրաստակամությունը:

Փոխվարչապետը  գոհունակությամբ նշեց, որ համագործակցությունը վերջին տարիներին  ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ  շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով:

Կարևորվեց փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող  արխիվային  փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկեցին արխիվային  գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների  և մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային  փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ եղավ  «ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգ»-ով  Հայաստանի ազգային արխիվում նախատեսվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորեցին այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել փոխգործակցությունը:




Լրահոս