Ազգային Ժողովում շարունակվում է 2013թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այսօր զեկույցով հանդես եկավ ԱԺ աշխատակազմի տեղակալ Էրիկ Մինասյանը: Նրան ԱԺ պատգամավորների գործուղումների վերաբերյալ հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանը նշեց, որ կարևոր աշխատանք իրականացնող և կարևոր գործուղումների մեկնող պատգամավորներին հատկացվող ծախսերը էականորեն կրճատվել են, տնտեսվում են անգամ օրապահիկների ծախսերը, և հաճախ խնդիրներ են առաջանում` գործուղումների հետ կապված և ցանկացավ իմանալ, թե ո՞րն է դրա բացատրությունը:
Էրիկ Մինասյանը նշեց, որ գործուղումներին հատկացվել է 350 մլն դրամ, որը կատարվել է, և նույնքան գումար նախատեսված է 2014թ. համար:
«Հաճախ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, ահա` ինչու լինում են տնտեսումներ` օրապահիկների և գործուղումների հետ կապված: Օրապահիկը հաշվվում է միայն այդ օրվա համար, և քանի որ չվերթեր են լինում մեկ օր շուտ կամ ուշ` տեխնիկական խնդիրների պատճառներով, չենք կարող հաշվարկել օրապահիկը մեկ օր շուտ կամ ուշ»,- պարզաբանեց նա:
Ուրիխանյանի հարցին շտապեց արձագանքել նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: «Փորձեցի հիշողությունս տնտղել ու տեսնել, թե ո՞ր կոնկրետ դեպքի մասին է խոսում իմ կոլեգան, բայց ուզում եմ ասել, որ դա այդքան էլ այդպես չէ: Ուրիշ հարց է, որ գործուղումների հետ կապված ծախսերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, բայց խնդիրներ կամ տնտեսում, գործուղումների հետ կապված, չկա»,- ասաց նա:
Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Այս քննարկումները կազմակերպվել են նրա համար, որ պատգամավորները ազատորեն հնչեցնեն հարցեր և ստանան պատասխաններ: Ես էլ հնչեցրեցի կոնկրետ հարց` գործուղումների ֆինանսավորման հետ կապված», – նշեց նա: