ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է` նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելը ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի տառերը եւ թվերը ճիշտ են լրացվել: Նաեւ` ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում՝ մասնավորապես ժամանակավոր համարանիշը նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:
ՍԱՖԱՐՈՎԻ ԴԵՄ
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքում եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը` որակելով այն «միջազգային հարաբերություններում բարի կամքի սկզբունքի եւ օրենքի գերակայության խախտում»: «Առավոտ»-ի փոխանցմամբ` բանաձեւի նախագիծն ընդունվել է Մեծ Բրիտանիան Վեհաժողովում ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա: Նախագիծը շեշտում է, որ Կոնվենցիան «չի նախատեսում բանտարկյալների՝ իրենց հայրենիք վերադարձնելու համար անհապաղ ազատ արձակումը»: Նախագիծը Վեհաժողովի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի այս տարվա ընթացքում:
ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ ազգականներ` 34-ամյա Վարդան Հարությունյանն ու 28-ամյա Էդվին Թադեւոսյանը (վերջինս operativ.am կայքի սեփականատերն է), ովքեր գլխավոր կասկածյալների կարգավիճակով ձերբակալվել էին, ստորագրությամբ ազատ են արձակվել: Նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի (անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն պահելը) հատկանիշներով: Իսկ նրանց հետ նույն մեղադրանքով ձերբակալված Մաթեւոս Կարապետյանը շարունակում է կալանքի տակ մնալ: Մինչդեռ դեպքից 6 օր առաջ` մայիսի 17-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի հարակից տարածքում հնչած կրակոցների հեղինակը, ով եւս ԲՀԿ-ական «ծագում» ունի` Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանը, այլ վիճակում է. նրա նկատմամբ առաջադրվել է մինչեւ 20 տարվա ազատազրկման մեղադրանք եւ հապճեպ կալանավորում: