Երբ ավտոմեքենայով ձայնային ազդանշան տալը սպանության պատճառ է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 34-ամյա բնակիչ Գուրգեն Բաբայանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել Էդուարդ Ղազարյանի սպանելու համար:

Armlur.am-ը տեղեկացավ, որ սպանությունը կատարվել է 2007թ. մայիսի 20-ին ժամը 20.30-ի սահմաններում, չնչին վիճաբանության պատճառով:

Այսպես` Գ.Բաբայանը իր ավտոմեքենայով Երևան քաղաքի Քաջազնունի փողոցով երթևեկելիս ձայնային ազդանշան տալու պատճառով, կարծես` սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, սկսել է հետապնդել Էդուարդ Ղազարյանի ավտոմեքենային:

Ապա Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 75 և 77 շենքերի միջնամասում, հանդիպելով նշված ավտոմեքենային, իրեն ձայնային ազդանշան տալու համար պարզաբանումներ է պահանջել վարորդ Էդուարդ Ղազարյանից, որի պատճառով նրանց միջև վիճաբանություն է ծագել:

Գ.Բաբայանը, օգտագործելով չնչին առիթը` ձայնային ազդանշան տալը, Է.Ղազարյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ պահվող դանակով հարվածել է վերջինիս կյանքի համար կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ հատվածին:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ հարվածի հետևանքով վնասվել է Է.Ղազարյանի ձախ առաջին կողաճառը, ձախ թոքի վերին բիլթը, կտրվել է ենթաանրակային զարկերակը: Նույն օրը ժամը 20:45-ին Էդուարդ Ղազարյանը տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ արյան սուր կորստի հետևանքով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 10 կետով, այն է` սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մակագրվել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին, իսկ ամբաստանյալ Գուրգեն Բաբայանի շահերի պաշտպանն է փաստաբան Վալտեր Գողամյանը:

Դատարանում տուժողի իրավահաջորդն է Ղևոնդ Պողոսյանը:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս