ԿԿԱՐԴԱ՞Ր ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ՆԱՄԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանրությունը խորապես վրդովված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունից եւ մինչ այս պահը Սերժ Սարգսյանի կամ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանի բացակայությունից: Նշենք, որ խոսքը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի հրապարակման մասին է, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է միանա ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, ինչպես միացել է Արժույթի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝ առանց ԼՂՀ-ի:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իրավական տեսանկյունից (դե յուրե) որքանո՞վ է ճիշտ Նազարբաեւի առաջ քաշած փաստարկը: Առավելեւս, երբ պաշտոնական Ստեփանակերտը ԼՂՀ նախագահի խոսնակի միջոցով, ըստ էության, չի առարկել առաջարկին՝ հայտարարելով. «Իսկ ինչպե՞ս պետք է անդամակցեր Արցախի հետ, եթե Արցախն այլ պետություն է»: Մի կողմ թողնենք նաեւ այն փաստը, որ Ղազախստանը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ Նազարբաեւն աչքի չի ընկնում Ս.Սարգսյանի հանդեպ տածած ջերմ վերաբերմունքով, եթե չասենք՝ հակառակը. այս ողջ ընթացքում հենց ԼՂ խնդիրը պատրվակ բռնելով Ղազախստանն ամեն կերպ փորձել է տորպեդահարել ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին ու Եվրասիական միությանը:
Այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Ակնհայտ է՝ Նազարբաեւի ծրագրած «օպերացիան» հետապնդում էր մեկ նպատակ՝ միջազգային հանրության աչքի առաջ հրապարակավ անհարմար դրության մեջ դնել Ս.Սարգսյանին: Ի վերջո, այս խնդրի մասին Նազարբաեւը կարող էր խոսել ոչ թե այդ նիստում, այլ՝ փակ հանդիպումների ժամանակ: Այնինչ, նա գերադասեց դա անել հակառակը՝ խնդրի մասին բարձրացնելով ի ցույց միջազգային հանրության, ընդ որում՝ այդպես անակնկալի բերելով Ս.Սարգսյանին: Սա խոսում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում Ս.Սարգսյանի ու Հայաստանի միջազգային վարկի մասին:
Ու հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր Ալիեւի նամակից եւ ինչո՞ւ որեւէ կերպ չարձագանքեց Նազարբաեւի պահվածքին:
Հազիվ թե Ալիեւի նամակը ստացված լիներ նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ: Ընդհակառակը, Նազարբաեւն իր խոսքում նշում է, որ Եվրասիական միության երկրների նախագահները Ադրբեջանի ղեկավարից նամակ են ստացել եւ Ս.Սարգսյանի համար դրանից որոշ հատվածներ է մեջբերում: Ուրեմն, հայկական կողմը պարտավոր էր մինչեւ նիստի մեկնարկը տիրապետել նման կարեւորագույն միջոցառման ողջ տեղեկատվությանը (առավելեւս, երբ բոլորը գիտեն Նազարբաեւի քաղաքական նախասիրությունների մասին, հետեւաբար՝ բացառված չեն տարատեսակ տհաճ անակնկալները): Սա, ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ի, Ղազախստանում ՀՀ դեսպանատան եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան գերատեսչության անմիջական պարտականությունն է: Մինչդեռ, ՀՀ ԱԳՆ-ն վաղուց ի վեր վերածվել է անտեղյակների հավաքատեղիի, իսկ ԱԱԾ-ի գործունեությունը սկսվում եւ ավարտվում է ընդդիմադիր գործիչներին ու ակտիվիստներին հետեւելով ու գաղտնալսելով: Հիշեցնենք, որ նույն ԱԱԾ-ն ժամանակին տեղյակ չէր նաեւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, եւ այդ մասին իմացան, երբ Սաֆարովն արդեն Ադրբեջանում էր:
Կա նաեւ երկրորդ տարբերակը՝ եթե Մաքսային միության անդամ մյուս երկու երկրների՝ ՌԴ-ի ու Բելառուսի ղեկավարները Ս.Սարգսյանին փոքր-ինչ հարգեին ու ընդունեին հավասարը հավասարի նման, ապա Ալիեւի նամակի մասին տեղեկացրած կլինեին նախօրոք:
Իսկ եթե Ս.Սարգսյանը տեղյակ է եղել Ալիեւի նամակի մասին ու նիստի ժամանակ որեւէ կերպ չի արձագանքել, ապա «սա արդեն լրիվ ուրիշ օպերա է»:
Ուշագրավ է մեկ այլ փաստ. Նազարբաեւը ԼՂ-ին որոշեց անդրադառնալ, երբ առկա է Ղրիմի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը: Այլ կերպ ասած, բարձրացնելով ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով Եվրասիական միությանն անդամակցելու հարցը, Ղազախստանի նախագահն անուղղակի խնդիր է ստեղծում նաեւ ՌԴ-ի համար. ինչպես հայտնի է՝ ՌԴ-ն ՄԱԿ-ին անդամակցել է, երբ Ղրիմը, Աբխազիան ու Հարավային Օսիան իր կազմի մեջ չէր: Ու տվյալ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը փոքր-ինչ դիվանագիտական ճկունություն ունենար եւ առաջնորդվեր Հայաստանի, այլ ոչ թե իր նեղ անձնական շահերով, ապա Նազարբաեւի քայլը կարող էր նրանց դեմ շուռ տալ:
1. Ս.Սարգսյանը տվյալ դեպքում կարող էր ընդհատել Նազարբաեւին եւ հարցնել՝ արդյոք Ղազախստանի նախագահը նույն պատրաստակամությամբ կընթերցե՞ր Պյոտր Պորոշենկոյի կամ Գիորգի Մագրելաշվիլու նամակը, եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, թե՞ ոչ:
2. Նա կարող էր առաջարկել՝ եթե այդ հարցը խնդրահարույց է, ուրեմն՝ այն կարող է քննարկվել Ղրիմի հարցի հետ միասին:
3. Եթե նա իսկապես տեղյակ չէր նամակից, ապա պետք է պահանջեր բացատրություն, թե ինչու այդ նամակի բովանդակությանը իրեն տեղյակ չեն պահել մինչեւ նիստի սկսվելը:
Բայց նա այս քայլերից ոչ մեկը չարեց, փոխարենը՝ խնդրեց` Հայաստանին օր առաջ ընդգրկել Եվրասիական միության կազմում:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ-ականները երեկ հետին թվով սկսել են Նազարբաեւի դեմ հարձակումների շարքը: Բայց ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ «Կռվից հետո բռունցքները չեն թափահարում»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս