Աշնանը լուրջ կռիվ ենք ունենալու. Հ. Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում`2013 թվականի բյուջեյի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ`դիմելով խորհրդարանականներին մի քանի դիտողություն ներկայացրեց:

«Բյուջեում փող պետք է չլինի, բյուջեն պետք է բալանսավորված լինի, ես այս արտաբյուջետային ֆոնդրի վրա ձեր ուշադրությունն եմ հրավիրում, դա թույլ է տալիս կառավարությանը խաղեր տալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, լուրջ խնդիր գոյություն ունի, քանի որ պատգամավորներին հստակ պատկերը չի ներկայացվում: Դիմելով ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝  ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «Մենք պետք է ստանանք բյուջեի հստակ պատկերը` կատարվել է, չի կատարվել, կոնկրետ ինչի հաշվին: Պարոն Ջանջուղազյանը պնդում է, որ դա հնարավոր չէ, բայց կա հատուկ մեխանիզմ, որ լավ էլ հնարավոր է: Մի քանի անգամ այս հարցը բարձրացրել եմ, բայց չի փոխվում, անընդհատ ասում եք, թե հնարավոր չի: Կամ դուք չեք թողնում, կամ…»:

Բագրատյանը նաև կանխատեսում արեց. «Աշնանը կռիվ է լինելու, լուրջ կռիվ ենք ունենալու սրա համար` մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով, բայց այդպես չենք անում: Մենք պետք է բյուջեն կարգի բերենք, համապատասխանեցնենք Սահմանադրությանը»:




Լրահոս