armlur.am -ին ՀՀ ԿԳՆ -իվ հայտնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:Հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև նպաստել համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը` ըստ աշխատաշուկայի պահանջների:ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: “Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր”,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. “Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին: Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը”: Նախարար Ա.Աշոտյանը նշել է նաև, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում փորձնական ծրագիր կիրականացվի, համատեղ ծրագրեր են նախատեսվում նաև բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:”Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, նշել է. “Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձևավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար”: Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ:
Գործնական քայլեր՝ կրթություն-աշխատաշուկա կապերի ամրապնդման
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ