Խստորեն կվերահսկվեն մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:

«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ:

Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: Անդրադառնալով Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցմանն ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցման ծրագրին՝ զեկուցվել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և փաստաթղթային որոշ ճշգրտումներից հետո առաջիկայում կմեկնարկի շինարարությունը: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 8 դեպք, իսկ նախկինում արձանագրված 6 դեպքով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել 4 վարչական շրջանների երկրորդական և երրորդական փողոցներում:

Արդյունքում պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար 11 տնտեսվարողի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն: Մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ պարբերաբար գույքագրվում են փողոցներում, մայթերում և այգիներում տեղադրված աղբամանները և, ըստ անհրաժեշտության, լրացվում նորերով: Նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղադրվել է 128 նոր աղբաման: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել շուրջ 900 հազար ծաղկասածիլ: Ի պատասխան մտահոգության, թե աշխատանքի արդյունքները դեռևս տեսանելի չեն, նշվել է, որ դա պայմանավորված է բացառապես վերջին շրջանի տեղումների առատությամբ և որ դրանց դադարելուն զուգահեռ տեսանելի կլինեն նաև արդյունքները: Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում բուժման նպատակով տարվում են ծառերի հատուկ նյութերով մշակման անհրաժեշտ միջոցառումներ: Հանձնարարվել է մասնավոր հատվածին իրազեկել այս ուղղությամբ իրենց կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկելիք անհրաժեշտ միջոցառումների մասին:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ աշակերտների համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ավարտական քննությունների բնականոն ընթացքն ապահովելու համար: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 173 և 98 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ, 201 հարց ստացել է լուծում, մնացածն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս