Գարեգին 2-րդն անհամբեր է և գտնվում է ռուսական ազդեցության տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթղթերը պատմում են հայ-վրացական եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարդ հարաբերությունների մասին:

2009թ. մարտի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի եւ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին զեկուցագիր է կազմել ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Զրույցի ընթացքում հիմնական բանախոսը եղել է Գարեգին Բ-ն, որը շարունակաբար քննադատել ու մեղադրել է վրաց եկեղեցու առաջնորդներին: Ուշագրավ մյուս փաստաթուղթը ներկայացնում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տաֆտի ու Իլիա 2-րդի զրույցի մանրամասները: Վերջինն էլ քննում է հայոց եկեղեցուն ու նրա առաջնորդին: Նկատի ուննալով երկու փաստաթղթերի փոխկապակցվածությունը` ներկայացնում ենք դրանք միասնաբար:

Նախ` անդրադառնանք Գարեգին Բ-ի` դիվանագետների առաջ արած այն պնդումներին, որ հայկական եկեղեցին ամեն ինչ անում է վրացական եկեղեցու հետ հարաբերությունները բարելավելու համար: Իր երկարաշունչ մոնոլոգում կաթողիկոսը քանիցս հռետորական հարց է բարձրացրել, թե «ինչ է, մենք պետք է խրախուսե՞նք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ վրաց եկեղեցու դեմ բողոքի գործողություններ անեն Վրաստանի դեսպանատների առաջ»:

Հնչեցնելով բողոքի գործողությունների անցնելու սպառնալիքը` կաթողիկոսը հույս է հայտնել, որ գործին կխառնվեն ԱՄՆ ներկայացուցիչները, քանզի վրացական ղեկավարները «կանեն այն ամենը, ինչ ԱՄՆ-ն նրանցից կխնդրի»:

Նա նկատել է, որ իրեն խորհուրդ են տվել անձամբ Վրաստանի պատրիարքի հետ առկա հարցերը լուծել, բայց դա, իր համոզմամբ, անհույս ճանապարհ է: Գարեգին Բ-ն որպես օրինակ նշել է, որ երբ խնդրել է վրացական պատրիարքին վերադարձնել 6 եկեղեցիները, վերջինս պնդել է, թե Հայաստանն էլ թող վրացական վանքերը վերադարձնի իրենց: Կաթողիկոսն ու Բրայզան համաձայնել են, որ սա աբսուրդ մոտեցում է, քանզի վրացական եկեղեցին Հայաստանում երբեւէ գործունեություն չի ծավալել, որովհետեւ դեռ 14 դար առաջ է դարձել ուղղափառ:

Հեղինակը տեղեկացրել է, որ հայոց կաթողիկոսն արտահայտել է իր բարկությունն առ այն, որ երբ խոսում է եկեղեցու ղեկավարների հետ նրանք կոչ են անում դիմել երկրի իշխանություններին, իսկ վերջինեներս էլ իրենց հերթին են հակառակ խորհուրդը տալիս` պնդելով, թե ոչ մի հնարավորություն չունեն այդ հարցի վրա ազդելու: Կաթողիկոսը վստահեցրել է, որ վրացական եկեղեցին ու իշխանությունը միմյանց օգտագործում են հայկական եկեղեցու հետ հարաբերություններում առաջընթաց չապահովելու համար:

Նա մեղադրել է վրացական եկեղեցուն, որ օգտագործում է երկրի կառավարությանը իր նպատակների համար ու իշխանություններին դնում բավականին տհաճ դրության մեջ: Հայոց կաթողիկոսի համար հավանաբար տարակուսելի է, թե օտար երկրի հոգեւոր առաջնորդը օգտագործվելու ու հլու-հնազանդ նրա հրահանգներին ենթարկվելու փոխարեն, ինչպե±ս է կարողանում ազդել իր երկրի կառավարության վրա:

Յովանովիչը զեկուցագիրն ավարտել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Կաթողիկոսը ջերմ էր եւ ընկերասեր, նույնիսկ երբեմն էմոցիոնալ, կրկնում էր, որ ինքը հետեւողական է եկեղեցու դիրքերի հարցում` ի հեճուկս վրացական անհանդուրժող ու անփոխզիջումային եկեղեցու: Նա բարկացած էր Վրաստանի խորհրդարանի (նախկին-հեղ.) նախագահ Դավիթ Բաքրաձեի վրա, որ խուսափել է պատասխանատվությունից եւ ուրախ էր, որ Բրայզային հնարավորություն ունի ասելու այն ամենը, ինչ մտածում է ստեղծված դրության շուրջ»:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տաֆտն այս խնդիրների կապակցությամբ իր հերթին է հանդիպել Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդին: Վերջինս պնդել է, որ իրենք պատրաստ են քննարկել երկկողմ բարդ հարաբերությունները: Վրաց հոգեւորականը հայտնել է նաեւ, որ Գարեգին Բ-ի հետ հանդիպել է եւ ստացել այն տպավորությունը, որ «նա համբերատար չէ, քանզի պահանջել է իրեն շուտափույթ հրավիրել Վրաստան ու ուղղակիրոեն հանձնել Նորաշենի եկեղեցին»:

Իլիա 2-րդը նկատել է, որ կա հատուկ հանձնաժողով եւ այն պետք է քննի խնդիրը, ու մինչ դրա տված պատասխանը, ոչ ոք որոշում կայացնել չի կարող: Դեսպանը հավելել է, որ «Գարեգին Բ-ն ակնհայտորեն նշանակություն չի տալիս հանձնաժողովին եւ ասել է, որ միայն Իլիա 2-րդն է նման որոշումներ կայացնելու իրավասություններով օժտված»:

Վրաց պատրիարքը տեղեկացրել է, որ Նորաշենի եկեղեցու հիմնահարցը բավականին բարդ է, թեպետ փոխզիջում գտնել հնարավոր է: Նա ասել է, որ ամենալավ եղանակը եկեղեցին թանգարանի վերածելն է:

Իլիա 2-րդի համոզմամբ` Գարեգին Բ-ն այս խնդրի կապակցությամբ իր հետեւորդների մոտ դիտավորյալ կերպով դժգոհություններ է հարուցում: Վրաց հոգեւորականն իրավիճակը պայմանավորել է այն հանգամանքով, որ Գարեգին 2-րդի վրա ազդեցություն ունի ռուսական թեւը, քանզի նրա եղբայրը Ռուսաստանում Հայոց թեմի առաջնորդն է: Վրաց պատրիարքի կարծիքով` Գարեգին 2-րդի նախորդը շատ ավելի լավ էր հասկանում երկուստեք հարաբերությունների կարեւորությունը եւ չէր վտանգում դրանց բարիդրացիականությունը 1-2 եկեղեցիների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս