ԱՆԿԱԽՆԵՐԸ ՀՀԿ-ԱԿԱ՞Ն
ՀՀԿ-ին արդեն հազիվ է հաջողվում քվեարկությունների ժամանակ ձայներ ապահովել: 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը խորհրդարանում հաստատվեց 67 կողմ, 40 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ձեռնպահ քվեարկեց ՕԵԿ-ը, որն իր քայլը մեկնաբանեց նախորդ տարի իշխող կոալիցիայի անդամ լինելու հանգամանքով, դեմ էին ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Ուշագրավն այն է, որ 67 կողմ ձայն հավաքելուն օգնեցին, այսպես կոչված, «անկախ» պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը, Արայիկ Գրիգորյանն ու Կարեն Բոթոյանը:
ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՎԵՏՈՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Հունիսի 10-ից Ծաղկաձորում ընթացող Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովին արցախցի երիտասարդներ չեն մասնակցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է արգելել Արցախի ներկայացուցիչներին մասնակցել համաժողովին, եւ ուշագրավն այն է, որ այդ ամենը կապվում է Աստանայում Ղազախստանի նախագահի հայտնի ելույթի հետ: Հարցի շուրջ, Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը պարզաբանել է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը չի զբաղվել հրավերներով, եւ հաստատ վերջին պահին ոչինչ չի փոխվել»: Փաստորեն, ստացվում է՝ Նազարբաեւի վետոն հասել է Ծաղկաձոր՝ արգելելով Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անցկացվող եվրասիական համաժողովին:
ԿՐԱԿԵՑ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Երեկ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստից առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնելով մի մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, հայտարարել էր. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որ ինձ գա բռնի»: Ոստիկանների միջամտության արդյունքում Հայկին կարողացել են ցած իջեցնել մեքենայից ու կանխարգելել նրա հետագա գործողությունները: Երեկ Armlur.am-ին քաղբանտարկյալ Շ. Հարությունյանի որդի Շահենը տեղեկացրեց, որ Հայկ Կյուրեղյանը ո՛չ իրենց ընտանիքի, ո՛չ էլ «Ցեղակրոն» կուսակցության հետ կապ չունի: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքն այդ երիտասարդին մի քանի անգամ տեսել է իրենց հավաքների եւ նստացույցերի ժամանակ: Armlur.am-ին ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Հայկ Կյուրեղյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Նշենք, որ կրակոցներից տուժել էր 5 ոստիկան, որոնց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն էր հայտնել, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից եւ վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել: Իսկ կրակոցների պատճառը, ըստ Հայկի եղբոր, եղել է արդարություն հաստատելու մղումը: