ՀՀ քաղաքացի` Բենիամին Հովակիմյանը բաց նամակով դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին: Ստորև ներկայացնում ենք նամակը.Մեծարգո պարոն ԴատախազԴիմում եմ Ձեզ` որպես ՀՀ-ում արդար դատավարության իրականացման երաշխավորի: Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին ,Մոսկվաե կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան): Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է քաղաքային վարչություն, 7 ժամ շարունակ ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վ. Քերոբյանը: Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս. Հովակիմյանը և պաշտպան Տ. Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` նախաքննությունը վարող քննիչին, կալանքի որոշումը կայացնող դատավորին, դատավարությունը իրականացնող դատավորներին, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը: Մեկ տարի անց, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին դիմելուց հետո, պատկան մարմինները արձագանքեցին խոշտանգումների և ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին` լսելով սակայն միայն ոստիկանների միակողմանի բացատրությունները` ապօրինությունները արդարացնելու ակնհայտ միտումով: Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում: Գործը կազմելիս քննիչը առաջնորդվել է ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ` գողությունը այս տղաների կողմից կատարված լինելու ենթադրությամբ: Քրեական գործի բոլոր դրվագները թերի են և փաստերով չհիմնավորված, վերլուծությունները անհամոզիչ են և, ակնհայտորեն, կառուցված են մեղադրանքը ,անցկացնելուե միտումով: Այս պատճառով էլ, դատարանին ներկայացրել ենք և ցանկություն ունենք ներկայացնելու գործի հանգամանքները պարզող մի շարք միջնորդություններ: Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետևանքով խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը: Արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է` ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել այս փոքրիկ գործի` երկու տարուց ավել ձգձգվելու հանգամանքը: Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած փաստերը ՀՔԾ-ի կողմից անտեսելը, դատավարության ժամկետների անտրամաբանական ձգձգվելը և մի շարք այլ հանգամանքներ փաստում են արդարացի դատավարության իրավունքի խախտումները:Միայն հիշեցնեմ` այս գործի առընչությամբ դեռ անցած տարի Ձեզ են դիմել հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ, համատեղ հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել և լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://stepanhovakimyan.wordpress.com: Անհրաժեշտության դեպքում քր. գործում առկա թերությունների և բացթողումների, ինչպես նաև խոշտանգումների վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բազմաթիվ այլ մանրամասներ:Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:Կից Ձեզ եմ ուղարկում նաև Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համատեղ հայտարարությունը:
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ