Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարն շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության եւ մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերին:
Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի եւ ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ: Դա մեր երկրում մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսլերատորի հետ: Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման եւ ջրային ռեսուրսների ոլորտներում : Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնյան հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:
Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը դիտայց է կատարել Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում: Տարածքին ծանոթանալու նպատակն էր ուսումնասիրել տարածքը՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու եւ պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:
Հանրապետության վարչապետի Շիրակի մարզ այցը եզրափակվել է մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները եւ արձանագրված խնդիրների առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին: