Երևանը կահավորված է ավելի քան 3000 հարմարավետ նստարանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Նիկոլ Դուման» ընկերություն, հետևել մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղադրիչների արտադրական գործընթացին, ինչպես նաև քաղաքային կահույքի ձևավորման նոր լուծումներին. «Կար ժամանակ, երբ մեզանից յուրաքանչյուրը հիացմունքով էր խոսում աշխարհի զարգացած երկրների քաղաքների կահավորանքի մասին ու շատերս էինք երազում, որ մեր քաղաքը ևս ունենա նմանատիպ կահավորանք:

Եվ այսօր մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Երևանն իր կահավորանքով այսօր իսկապես չի զիջում այդ քաղաքներին, ընդ որում, համոզված եմ, որ բոլորդ եք նկատել, որ մերը միասնական ինքնատիպ ոճ ունի, որը սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բացառապես երևանյան է: Չեմ թաքցնի, որ ինձ համար կրկնակի հաճելի է, որ այդ կահավորանքը առաջին իսկ օրից իսկապես դուր եկավ երևանցիներին և նրանք ի սրտե ընդունեցին այն: Դրա պատճառը թերևս նաև այն էր, որ այդ նստարանները, աղբամանները, անվճար հայտարարությունների ցուցատախտակները, ինչպես նաև ուղենշող նոր ցուցանակները և բոլոր մյուս բաղադրիչները, ոճային առումով, հայկական, երևանյան շունչ ունեն իրենց մեջ:

Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ մայրաքաղաքի կահավորման հարցում արդյունավետ համագործակցում ենք նաև մասնավոր կազմակերպությունների հետ, որի արդյունքում այսօր Երևանում ունենք ինքնատիպ այդ ոճով պատրաստված քաղաքային ժամացույցներ, գովազդային վահանակներ, նոր կանգառասրահներ և էլի մի շարք այլ բաղադրիչներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ Երևանն այսօր կահավորված է ավելի քան 3000 հարմարավետ նստարաններով, որոնք տեղադրված են ինչպես մայրաքաղաքի փողոցներում, այնպես էլ այգիներում և բակային տարածքներում։ Բացի այդ, տեղադրվել են ավելի քան 2000 աղբամաններ և 300-ից ավելի անվճար հայտարարությունների ցուցատախտակներ: Երևանի փողոցներն ու մշակութային կենտրոններն ուղենշող նոր ցուցանակների տեղադրման աշխատանքներն էլ արդեն սկսված են և այսօր այդպիսի 65 ցուցանակներ կան տեղադրված։

Ընկերության տնօրեն Կառլեն Գևորգյանը տեղում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել նաև այն նստարաններն ու աղբամանները, որոնք օրեր անց պետք է տեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում. «Ի դեպ, շատ ուրախալի է, որ այս մասով մեր կողմից հայտարարվող մրցույթներին մասնակցում և հաղթում են հիմնականում տեղական արտադրողները։ Այդպիսով մենք, իրականում, մի քանի կարևոր խնդիր ենք լուծում։ Նախ, ապահովում ենք քաղաքային կահույքի հետագա սպասարկումը, որոնք կազմակերպություններն, ըստ պայմանագրի, իրականացնում են իրենց միջոցներով։ Ու նաև, որ ոչ պակաս կարևոր է, նպաստում ենք նոր աշխատատեղերի ստեղծմանը և խթանում ենք տեղական արտադրության զարգացմանը»,- ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ մայրաքաղաքի արտաքին կահավորման աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին էապես ավելանալու է Երևանի կահավորանքը:

Ընդ որում, դրանք լինելու են ոչ միայն երևանցիների կողմից արդեն իսկ սիրված կահավորանքի տեսքով, այլ նաև նոր լուծումներով:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ «Նիկոլ Դուման» ընկերության տնօրինությունը քաղաքապետին է նվիրել գեղարվեստական յուրօրինակ լուծումներով ժամացույց և Երևանի զինանշանը, որոնք, ինչպես նշել է Տարոն Մարգարյանը, շուտով կտեղադրվեն երևանյան փողոցներից մեկում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս