ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

D՝ «ՄԱՀՎԱՆ ԽՈՒՄԲ»

Բրազիլիայի Բայա նահանգում գտնվող Կոստա դու Սաուիպ քաղաքում կայացավ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձեւավորվեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող հավաքականների խմբերը:
A խումբ՝ Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն։ B խումբ՝ Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա։ C խումբ՝ Կոլումբիա, Հունաստան, Կոտ Դ’Իվուար, Ճապոնիա։ D խումբ՝ Ուրուգվայ, Կոստա Րիկա, Անգլիա, Իտալիա։ E խումբ՝ Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս։ F խումբ՝ Արգենտինա, Բոսնիա-Հերցեգովինա, Իրան, Նիգերիա։ G խումբ՝ Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ։ H խումբ՝ Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա։
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին գոհ է, որ իր գլխավորած ընտրանին չի հայտնվել «մահվան խմբում»: Նա մասնավորապես ասել է. «Լավ վիճակահանություն էր: Անգլիան, Իտալիան ու Ուրուգվայը կազմել են ամենաբարդ` «մահվան խումբը», եւ լավ է, որ մենք այնտեղ չենք»:

 

 

ՄԻԱՁԱՅՆ… ԼՌԵՑԻՆ

Ինչպես տեղեկացրել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վնասվածք էր ստացել եւ բուժում էր ստանում ԱՄՆ-ում։ Կիրակի օրն էլ վնասվածք ստացավ մեր ազգային հավաքականի մեկ այլ խաղացող՝ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը նույնպես հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում։ Ընդ որում, Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի` «Ռոստով»-ի դեմ արտագնա խաղի առաջին խաղակեսում հենց նա էր աչքի ընկնում իր տեխնիկայով, խաբսերով։ Ռուսական կայքերից մեկին տված հարցազրույցում մեր հայրենակիցը պարզաբանել է, որ ձգել է ազդրի հետին մկանը, բայց քանի որ արձակուրդ է, կհասցնի վերականգնվել: Նա նաեւ անդրադարձել է վերոնշյալ հանդիպմանը, որում «Սպարտակ»-ը Ուորիսի գոլի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով. «Մենք գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում: «Զենիթ»-ը պարտվել էր այստեղ, իսկ ԲԿՄԱ-ն ոչ-ոքի էր խաղացել: Այդ պատճառով մենք գոհ ենք արդյունքից»:
Անդրադառնալով մեր ֆուտբոլիստների վնասվածքներին՝ նշենք, որ ընդհանրապես Ռուսաստանի առաջնությունում վնասվածքներն անչափ շատ են, քանի որ այդ երկրի բնակլիմայական պայմաններն ու մարզադաշտերի վիճակը նպաստում են դրանց։ Եվ ընդհանրապես, աշուն-գարուն եվրոպական մրցակարգը, ինչպես ասում են, Ռուսաստանի «հագով չէ»։ Ուստի լավ կլինի, որ մեր երկու խաղացողն էլ եվրոպական ակումբ տեղափոխվեն։ Ի դեպ, մեր երկրում էլ արդեն այդ մրցակարգով է անցկացվում առաջնությունը, որից շատ մասնագետներ դժգոհում էին, սակայն հետո բոլորը միաձայն… լռեցին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս