Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. “”Մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, որոնց պաշտպանելու է ՀՀԿ-ն, հակասական տպավորություն է թողել: Մի կողմից` այստեղ կա, օրինակ, “”Թոխմախի Մհերը””, որի շրջապատը և հակումները հայտնի են: Նման թեկնածուի պաշտպանելը կարող է նշանակել միայն մի բան. Երևանի էրեբունի համայնքում իշխանությունը օգտագործելու է քրեական ռեսուրսը` հաջողության հասնելու համար: Այդ տիպի կերպարներ ցուցակում մի բանի հոգի էլ կան, և, իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ որևէ կուսակցություն այդպիսիների հետ իր հույսերը չկապեր: Սակայն հանրահայտ “”հեղինակությունների” և օլիգարխների կողքին հայտնվել են քաղաքականության տեսանկյունից նոր դեմբեր: Նրանց մի մասին ճանաչում եմ անձամբ, մասնավորապես, գործի բերումով, և երբեք առիթ չեմ ունեցել կասկածելու այղ մարդկանց պարկեշտությանը: Նրանք չեն կարող լինել կոճակ սեղմող, ոչ էլ, առավել ևս, դա անելու են ուրիշների փոխարեն: Այդ ցուցակից հարձակումների թիրախ կդառնա, բնականաբար, Վիկտոր Դալլաքյանը: Բայց եթե հարցին մոտենանք առանց ավելորդ էմոցիաների, ապա օրենսդրական տեխնիկային քաջածանոթ գրագետ մարդուն իր շարքերում ունենալը ձեռնտու է ՀՀԿ-ին: Այնպես որ, գործարքը, այսպես ասած, փոխշահավետ է: Իհարկե, կարելի է պնդել, որ մեր երկրում գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական համակարգն իր աղաղակող արատներով այս կամ այն պատգամավորի պարկեշտ կամ արհեստավարժ լինելու պատճառով չի փոխվի: Բայց այն առավել ևս չի փոխվի փողոցային աղաղակներով և վերոհիշյալ քրեականացված «հեղինակությունների» հասցեին հնչող անզոր սպառնալիքներով: Ընդհանրապես կարելի է համաձայնել Աշոտ Մանուչարյանի հետ, ով ասում է, թե առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջև է: Որպես քաղաքացի` ես շատ կցանկանայի, որ Ազգային ժողովում հայտնվեին այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը: Բայց դա չի նշանակում, որ ՀԱԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակն ամբողջությամբ ինձ դուր է գալիս: Այնտեղ, մասնավորապես, կան մարդիկ, որոնք, ունենալով իշխանություն, իրենց դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Թոխմախի Մհերը: Պարզ է, որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից կլինեն մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր տեսակներ: Թե որն է գերակշռելու՝ շուտով պարզ կլինի: Անշուշտ, որոշ քաղաքական միավորներ կարող է բերել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանին թիրախ դարձնելը: Ինչ խոսք, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու նրա համաձայնությունը վիճելի որոշում էր: Բայց երբ տեսնում ես, թե մտավոր ինչպիսի մակարդակ են դրսևորում նրան փնովողները, համոզվում ես, որ նրանք հաստատ “”սխալ”” տեսակից են””:
Առավոտ. Առաջիկա պայքարը ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց տեսակների միջև է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ