ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես նոր եմ վերադարձել Հայաստան եւ մտադիր եմ մշտական բնակություն հաստատել այստեղ: Եթե իմ անձնական օգտագործման գույքը ցանկանամ ներմուծել ՀՀ, ապա դրա համար սահմանվա՞ծ է որեւէ արտոնություն, թե՞ պետք է վճարեմ բոլոր պետական մուծումները:
Գնել Մխիթարյան (57 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, համաձայն որոնց` «ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած՝ ՀՀ մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում հաշվառվում են որպես մշտական բնակիչ»: Ընդ որում, գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով ՀՀ-ում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե նման բացառություններ գործում են ՀՀ վերադարձած քաղաքացիների համար: Հաշվի առնելով արտագաղթի ներկայիս տեմպերը, կարծում ենք, պետությունը պետք է մտածի էլ ավելի մեծ արտոնություններ սահմանելու մասին այն մարդկանց համար, ովքեր գալիս են Հայաստան` մշտական բնակության:

 

 

ՀԱՐՑ. Հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների կամ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք ո՞վ կարող է ձեռք բերել: Եվ խնդրում եմ ասել, թե որն է հողամասի կառուցապատման իրավունքը:
Ղուկաս Միքայելյան (52 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք ձեռք է բերում իրեն պատկանող հողամաuի uեփականատերը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված):
Ավելացնենք, որ կառուցապատման իրավունքն անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ մանրակրկիտ ներկայացված է գործող կարգը, շատերը կփաստեն, որ սեփականության իրավունքի ձեռք բերման համար պետք է երկարուձիգ ճանապարհ անցնել, յուրաքանչյուր թղթի կտորի դիմաց վճարումներ կատարել, որից հետո դեռ հարց է` հնարավոր է ստանալ համապատասխան իրավունքը, թե ոչ:




Լրահոս