ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

84 տարեկան հասակում մահացել է Սերժ Սարգսյանի հայրը: Նրա հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, նույն վայրում: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հոր հոգեհանգստին մասնակցելու համար ՀՀ բոլոր պաշտոնյաները մեկնելու են Ստեփանակերտ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ թեեւ հոգեհանգիստը տեղի է ունենալու վաղը, բայց հայրենի պաշտոնյաներն արդեն երկու օր առաջ պատվիրել են Ստեփանակերտի, Շուշիի գրեթե բոլոր հյուրանոցների համարները: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին:

 

 

«ՍՊԱՅԿԱ»-Ն ԷԼ ՏՈՒԳԱՆՎԵՑ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ անցած ամիս «Սպայկա» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական տույժի: Մեզ հասած տեղեկություններով՝ «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն ընկերության անունով Հայաստան է ներմուծել 367 կգ ապրանք՝ հայտարարագրով, սակայն մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկություններ սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Արդյունքում՝ Դ. Ղազարյանը տուգանվել է 50.000 դրամով:

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) գրեթե մեկ շաբաթ տեւած ստուգումներն արդեն դադարեցվել են: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու: Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն: Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել: Սակայն շուկայի աշխատակիցների շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ստուգումներն այլ պատճառով են դադարեցվել: Նրանց խոսքով՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է:
Այսպիսով՝ Վաղարշին ներկայացված 70 մլն դրամ տուգանքով կարգավորվեցին ոսկու շուկայի սանիտարահիգիենիկ, հրդեհավտանգ խնդիրները, քանի որ իշխանությունները կատարեցին իրենց գերխնդիրը՝ Ամանորի նախաշեմին պետբյուջեն լցնել: Բացի այդ՝ մի քանի տասնյակ ոսկերիչների անունով արձանագրություն է կազմվել: Նաեւ որոշվել է, որ 2014-ի հունվարից ոսկերիչները գազով աշխատելու համար պետք է լիցենզիա ձեռք բերեն: Իսկ մինչ այդ տնօրինությունն արդեն բարձրացրել է տաղավարների վարձերը:




Լրահոս