ՄՏԱՀՈԳԻՉ Է
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուշագրավ հայտարարություն է արել. նա չի բացառել Թուրքիայի ներգրավումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում. «Թե ինչ դեր կարող է խաղալ Թուրքիան հակամարտության կարգավորման գործում, հարցն իմ իրավասության մեջ չի գտնվում: Սակայն ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ»: Ամերիկացի համանախագահը նաեւ նշել է, թե ակնկալում է, որ 2014թ. սկզբին կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: «Մենք՝ որպես միջնորդներ, ցանկանում ենք հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որը կհամապատասխաներ բոլոր կողմերի շահերին»,-ասել է նա` հավելելով, որ եթե վերանա «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը, ապա այն կնպաստի ներդրումների աճին, երկու ժողովուրդների նյութական բարեկեցությանը: Խոստովանենք, որ հատկապես Թուրքիայի մասին ամերիկացի դիվանագետի հայտարարություններն արդեն իսկ մտահոգիչ են:
ՄԱՐԶԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Դեկտեմբերի 10-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել «Հայ-ռուսական երրորդ միջմարզային համաժողովի մասնակիցների` ՀՀ այցի մասին» վերնագրով: Այդ որոշման համաձայն՝ դեկտեմբերի 1-4-ն անցկացված համաժողովի 300 մասնակիցների` ՀՀ-ում գտնվելու ընթացքում նախատեսված ծախսերը պետք է հոգալ ՀՀ 2013թ. պետական բյուջեի` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված միջոցների հաշվին: Միայն թե, վարչապետի որոշման մեջ որեւէ բառ չկա համաժողովի բուն ծախսերի մասին: Ըստ վարչապետի որոշման՝ ծախսերը պետք է կատարել ԱԳՆ, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության, տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների համաձայն: Հիշեցնենք, որ այդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին մեկօրյա այցով Հայաստան էր եկել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվս մեկ կարեւոր հանգամանք. համաժողովն անվանված է «Հայ-ռուսական երրորդ միջմարզային համաժողով». փաստորեն, ՀՀ-ն դեռ մինչեւ ՄՄ-ին անդամակցելն է պաշտոնապես հռչակվել ՌԴ մարզ, այլապես անհասկանալի է, թե ինչու է համաժողովը միջմարզային, այլ ոչ, օրինակ, միջազգային կամ միջպետական:
ՌԵԺԻՄԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Մահացել է Մասիս Բաղդասարյանը՝ Կոնգրեսի ակտիվիստ փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանի որդին, ում մարտի մեկին անձամբ ծեծել էր Հովիկ Թամամյանը՝ հասցնելով թոքերի եւ այլ ներքին օրգանների վնասվածքներ։ Վերջին 3 տարիներին նա պառկած էր Փարիզի հիվանդանոցներից մեկում, եւ այդպես էլ չկարողացան նրան փրկել…
ԸՆԴԴԵՄ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻ
ՀՅԴ Երեւանի կոմիտեն կոչ է անում երեւանցիներին մասնակցել դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ին, Ազատության հրապարակում մեկնարկող երթին՝ ընդդեմ կենսաթոշակային համակարգի ներդրման: