ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է “Խոյ” ՋՕԸ-ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող և 6 հազար 200 հեկտար հողատարածք:Ներկայում արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին:Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ: Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք: Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով: Նախատեսված 6,361 կմ-ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ-ը: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30-ին: Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ` Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արևադաշտ, Հացիկ, Նորավան համայնքները, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքը: Պայմանագրի ընդհանուր արժեքն է`863 մլն 888 հազար դրամ: Ընդանուր առմամբ կվերականգնվի 28 կմ 464 կմ ոռոգման ցանց: Նշված ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի” լրացուցիչ ֆինանսավորմամբ: Վերոհիշյալ վարկային վերականգնվող ջրանցքներից են` Ստորին Հրազդանի I–ին հերթի ջրանցքը, որտեղ կվերականգնվեն 1,203 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներ, Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքը (կվերականգնվեն 2,183 կմ) և “Շահի Առու” ջրանցքը (կվերականգնվեն 1,712 կմ ոռոգման համակարգեր): Նշված երեք ջրանցքների վերականգնման վարկային պայմանագրի արժեքն է 869 մլն 999 հազար դրամ: Տիգրան Սարգսյանը զրուցել է նաև գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին:
Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ