Հուլիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներ: Առաջին Նախագահը անդրադարձել է նաեւ ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաեւ Քառյակի առաջիկա անելիքներին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն եւ անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: